Բոլոր ռուսաստանցիները, ովքեր ունեն այլ պետության քաղաքացիություն, պարտավոր են հոկտեմբերի 4-ից ոչ ուշ հայտնել այդ մասին Միգրացիոն դաշնային ծառայությանը: Նման ժամկետներ է սահմանել ծառայության ղեկավարությունը՝ հիշեցնելով, որ օրինազանցների համար նախատեսված է պատասխանատվություն, այդ թվում՝ քրեական: Այս մասին գրում է Kommersant-ը:
Երկրորդ քաղաքացիության մասին հայտարարությունները կսկսեն ընդունվել օգոստոսի 17-ից:
Հայտարարությունից բացի պետք է գերատեսչություն ներկայացվի նաև օտարերկրյա անձնագրի պատճենը:
Նորարարությունը վերաբերում է նաև ԽՍՀՄ նախկին քաղաքացիներին, ովքեր դեռևս 15-20 տարի առաջ եկել են Ռուսաստան նախկին խորհրդային հանրապետություններից և ռուսական քաղաքացիություն ստացել:
Ոչ ժամանակին ներկայացված հայտարարության, ինչպես նաև ոչ ստույգ տեղեկություննների տրամադրման համար նախատեսված է 500-1000 ռուբլու վարչական տուգանք: Սակայն եթե ռուսաստանցին միտումնավոր թաքցնի երկրորդ քաղաքացիության փաստը, ապա կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Ռուսաստանի ՔՕ 330.2 հոդվածը նախատեսում է 200 հազար ռուբլու չափով տուգանք կամ 400-ժամյա հարկադիր աշխատանք:









































