ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը ֆինանսավորման բացակայության պատճառով որոշում է կայացրել կրճատել սիրիացի փախստականների օրապահիկը։ Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
«Մենք ստիպված ենք կրճատել պարենի չափաբաժինն այն բանից հետո, երբ սեպտեմբերին ավելացավ մեր կողմից օգնություն ստացող մարդկանց թիվը՝ 850 հազարից հասնելով 1,5 միլիոնի»,- ասվում է ծրագրի հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ում հայտնել են, որ ծրագիրն այդքան մարդու համար ֆինանսավորում չունի՝ ընդգծելով, որ ծրագրի անդամները պետք է դժվարին ընտրություն կատարեն՝ կրճատելով հավելյալ օրապահիկը, որպեսզի հնարավորություն ունենան օգնել ավելի մեծ թվով մարդկանց:
ՄԱկ-ում նաև հույս են հայտնել, որ կազմակերպությունը կստանա «անհրաժեշտ միջոցներ ու կկարողանա շարունակել օգնություն տրամադրել մոտակա կես տարում»: «Հակառակ պարագայում հարկ կլինի էլ ավելի կրճատել չափաբաժինը»,- ասել են ՄԱԿ-ում:
Պարենային ծրագրերը դեկտեմբերին իրականացնելու համար կազմակերպությանն անհրաժեշտ է շուրջ 20 մլն դոլար:








































