Կանադացի Էլ Կոենը eBay օնլայն աճուրդում հայտնաբերել է այն ծանրոցը, որն իրեն ուղարկել էին Ֆրանսիայից։ Այս մասին գրում է CBC-ը:
Չստանալով ծանրոցը՝ Կոենը մի քանի ամիս փորձել է փոստով պարզել, թե ուր է իր պատվերը: Նրա խոսքերով՝ մի քանի ամիս առաջ ինքը պատվիրել է Stand High Patrol ոչ այնքան հայտնի ռեգգի խմբի 40 ձայնասկավառակներ, որոնք պետք է ուղարկվեին Ֆրանսիայից, սակայն այդպես էլ չի ստացել իր ծանրոցը: Ավելի ուշ նրան ասել էին, որ տուփը հայտնաբերվել է Օնտարիոյի պահեստներից մեկում, սակայն՝ դատարկ:
Հուսահատվելով՝ կանադացին որոշել էր խմբի ձայնագրությունները որոնել eBay-ում: Այստեղ էլ նա պարզել էր, որ Օնտարիոյի բնակիչներից մեկն աճուրդի է հանել խմբի նույն քանակությամբ ձայնասկավառակները, ինչ ինքը պատվիրել էր Ֆրանսիայից:
Կոենը կապվել է վաճառողի հետ ու պարզել, որ ձայնասկավառակները ձեռք են բերվել չպահանջված ծանրոցների վաճառքի աճուրդում:
Փոստում ստեղծված իրավիճակը տարօրինակ են համարել: Գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ չգիտի, թե ինչպես կարող էր դա տեղի ունենալ ու ինչու են ձայնասկավառակները հայտնվել աճուրդում:








































