ՀՀ-ում վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը համարժեք չէ երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Այսօր ԱԺ նիստում 2013թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անունից նման հայտարարություն արեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա՝ վարվող քաղաքականության արդյունքում չի ստեղծվում մրցունակ տնտեսություն, չի ապահովվում արդարադատություն ՀՀ քաղաքացիների համար, չի երաշխավորվում ՀՀ-ի և Արցախի քաղաքացիների անվտանգության մակարդակը, չի կրճատվում ստվերը, այլ իրականացվում է խայտառակ քաղաքականություն ՀՆԱ/հարկեր տեսակետից:
«Անհնար է առանց քաղաքական ուժերի համատեղման ստեղծել երկրի կայուն զարգացման ռազմավարություն: Մեկ քաղաքական ուժի շնորհքը քիչ է, որ անհրաժեշտ փոփոխություններ իրականացվեն,- ասաց Ա. Մինասյանը ու հավելեց,- բյուջեն մենաշնորհված է կառավարության կողմից, և ԱԺ մասնակցությունը լեգիտիմացնում է սա»:
Ա. Մինասյանը կոչ արեց՝ չեք կարողանում հարցերը լուծել, գնացեք, կարողը կանի. «Անկարող և կամքից զուրկ քաղաքական մեծամասնությունը պետք է իր տեղը զիջի ավելի արդյունավետ ուժերին»:
Նա հայտարարեց, որ ՀՅԴ-ն դեմ է քվեարկելու 2013-ի բյուջեի նախագծին:










































