Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը և Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը հուլիսի 28-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Այս մասին է հայտնել Պենտագոնի մամլո ծառայությունը, փոխանցում է ITAR-TASS-ը:
«Նախարար Գելետեյը հայտնել է, որ, չնայած ուկրաինական բանակի կողմից ձեռք բերված կայուն առաջընթացին, Արևելյան Ուկրաինայում իրադրությունը վատանում է»,- նշել է նա: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պնդել է, որ Ռուսաստանը մասնակցում է իրադրության ապակայունացմանը:
Նա հայտարարել է նաև, որ Կիևը հետաքրքրված է Վաշինգտոնի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությամբ:
«Նախարար Հեյգելը հավատացրել է նրան, որ ԱՄՆ-ի կառավարությունը շարունակում է քննարկել նման բոլոր դիմումները գերատեսչությունների ընդլայնված համագործակցության մակարդակով՝ սկսած Կիևում ԱՄՆ-ի դեսպանատան միջոցով քննարկումներով»,- մասնավորեցրել են Պենտագոնի մամլո ծառայությունում:









































