Քաջարանի և Ագարակի կոմբինատները ավելացնում են պղնձի արդյունահանումը, սակայն, ինչպես այսօր Աժ նիստում 2013 թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտնեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, պղնձաձուլական գործարանի կառուցման հարցը կառավարությունը մերժում է՝ պատճառաբանելով, թե ծավալները թույլ չեն տալիս:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Քաջարանի և Ագարակի կոմբինատների ծավալը թեև ավելացել, սակայն բավարար չէ: «Եթե Թեղուտը շահագործվի, այդ դեպքում միայն ծավալները թույլ կտան արդյունավետ պղնձաձուլարան գործարան ունենալ ՀՀ-ում: Բայց եթե նման ծրագիր իրականացնող սուբյեկտներ լինեն, կառավարությունը պատրաստ է քննարկման»,- ասաց Վ. Գաբրիելյանը:
Նշենք, որ այս տարվա առաջին 9 ամսում պղնձի հանքաքարի և խտահանքի արտահանման ծավալներն ավելացել են 14%-ով՝ կազմելով 97 հազ. 894.4 տոննա՝ 2011-ի նույն ժամանակաշրջանի 85 հազ. 895 տոնայի փոխարեն:










































