Մոսկվայի Դմիտրի Ռոգաչովի անվան արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի կենտրոնում կիրակի օրը մահացած ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Արթուր Քոչարյանի դին այս գիշեր տեղափոխել են Հայաստան: Արթուրի մոտ արյան սուր հիվանդությունը բացահայտվել էր բանակում, 1 տարի ու 10 ամիս ծառայելուց հետո: Հայաստանում բժիշկները նախ սխալ ախտորոշում էին տվել, ապա ասել, որ տղային պետք է անհապաղ տեղափոխել Մոսկվա: ՊՆ-ն էլ հրապարակավ խոստացավ, որ կհոգա բուժման բոլոր ծախսերը, սակայն ընդհուպ զինվորի մահվան օրն այդպես էլ մի դրամ չի փոխանցել հիվանդանոցի հաշվեհամարին: Այդ մասին «Հրապարակ»-ի հետ հեռախոսազրույցում
ասաց Արթուրի հայրը` Ռոմիկ Քոչարյանը: Չնայած ՊՆ-ից ամեն Աստծո օր նրան հավաստիացնում էին, որ «գումարը վաղը կփոխանցեն»:
Օրերս էլ, երբ թերթը Պնախարարի մամուլի խոսնակից հետաքրքրվել էր, թե ինչու են ուշացնում գումարի փոխանցումը, խոսնակը պատասխանել էր, թե «ուշացման պատճառը տեխնիկական է կամ ֆինանսական, քանի որ գումարը փոքր չէ»: «Գուցե ինչ-որ տեխնիկական պատճառներով է ուշանում կամ բանկի: Դուք էլ գիտեք, թե բանկով գումար փոխանցելն ինչ դժվարություն է, այն էլ այդքան գումար, և ինչ խնդիրներ կարող են առաջանալ»,-թերթի հետ զրույցում ասել էր մամուլի խոսնակը:
Ու մինչ 21-րդ դարում Պնախարարությունը կհաղթահարեր բանկով փող փոխանցելու անհաղթահարելի արգելքը և կլուծեր որոշ «տեխնիկական խոչընդոտներ», Արթուրը «չսպասեց»: Դժվար է ասել, թե ինչ կտար գումարը, ինչ դեր կարող էր խաղալ, գումարի փոխանցման դեպքում հնարավոր կլինե՞ր փրկել զինվորի կյանքը, թե ոչ, սակայն, ամեն դեպքում, գոնե ՊՆ-ն հանգիստ կլիներ, որ ամեն ինչ արել է իր բանակի զինվորի կյանքը փրկելու համար: Զինվորի ծնողներն էլ չէին համարձակվի իրենց որդու մահվան մեղքը բարդել ՊՆ-ի ուսերին: «Մեր որդու մահը ՊՆ-ի խղճին է: Եթե, իհարկե, այն առհասարակ խիղճ ունի»,- դեպքից հետո ասել է Քոչարյանների ընտանիքը:
Բայց արի ու տես, որ ՊՆ-ն բնավ այդ կարծիքին չէ: Երեկ հիշյալ կառույցից, Արթուրի մահվան հետ կապված, բժշկական տերմիններով բառախեղդ արված մի պարզաբանում են տարածել, որտեղ փորձ են արել ցույց տալ, որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայել Արթուրի կյանքը փրկելու համար: Մոսկվայի հիվանդանոցից էլ հարցում են արել և պարզել, որ «զինվորի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայություն չի եղել»: ՊՆ-ի պարզաբանումը վրդովվեցրել էր Քոչարյաններին, ովքեր արձագանքել էին. «Պաշտպանության նախարարությունն ու նրան ամեն կերպ պաշտպանելու հաշվին սեփական գոյությունը քարշ տվող «հայրենասերները» համացանցով մեկ ցինիկաբար տարածում են այն տեսակետը, թե Արթուր Քոչարյանի մահվան հարցում ՊՆ-ն որևէ մեղք չունի: Սաս այն դեպքում, երբ ՊՆ-ի կողմից գումարի տրամադրման շուրջ մեկամսյա ձգձգման պատճառով Արթուրի վիճակը չափազանց սրվեց: Արթուրին բուժող բոլոր բժիշկներն ասում են, որ եթե նա տեղափոխվեր Մոսկվա գոնե 2 շաբաթ շուտ, նրան հնարավոր կլիներ ապաքինել: Էս ամենի մեղավորը նախարարությունն ա, ես չեմ: Ես ամեն ինչ արել եմ, ինչ կարող էի, ինչի հնարավորություն ունեի»: Արցունքների միջից ասում էր զինվորի հայրը:









































