Կիրակի Եգիպտոսի Հուրգադա քաղաքում զբոսաշրջային երկու միկրոավտոբուսների բախման հետևանքով զոհվել են գերմանացի 5 զբոսաշրջիկներ և Եգիպտոսի 3 բնակիչներ՝ փոխանցում է Associated Press-ը:
Գերմանիայի քաղաքացիները եղել են TUIfly ավիաընկերության անձնակազմի անդամներ: Նրանց միկրոավտոբուսը մխրճվել է դեպի գլխավոր ճանապարհ դուրս եկող մեկ այլ զբոսաշրջային միկրոավտոբուսի մեջ: Վարորդներն ու 4 զբոսաշրջիկներ տեղում զոհվել են: Ստացած վնասվածքների հետևանքով հիվանդանոցում իր մահկանացուն է կնքել Գերմանիայի ևս մեկ քաղաքացի:
Եգիպտոսում ճանապարհները համարվում են աշխարհում ամենավտանգավորը՝ ճանապարհային երթևեկության կանոններին չհետևելու և համապատասխան ենթակառուցվածքի բացակայության պատճառով: Եգիպտոսում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տարեկան շուրջ 16 հազար մարդ է մահանում:










































