Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը այսօր ներկայացրեց ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրները`ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների: Հետազոտությունն իրականացվել է երկու փուլով`փետրվարի 15-ից ապրիլի 15-ը, երկրորդը` օգոստոսի 1-ից նոյեմբերի 1-ը:
Պետական կայքերի ուսումնասիրությունը կատարվել է 177 չափորոշիչով, որոնցից 150-ը բովանդակային են, 27-ը՝ տեխնիկական:
Աշոտ Մելիքյանի խոսքով` անցյալ տարվա 38-ի փոխարեն, այս տարի ուսումնասիրվել է 52 կայք, որոնք պայմանականորեն երեք խմբի են բաժանել, առաջինը` նախարարությունները և կառավարությանն առընթեր մարմիններն են, երկրորդում` տասը մարզպետարանները, երրորդ խմբում`ՀՀ նախագահի, ԱԺ-ի, ՀՀ կառավարության, ՀՀ դատախազության, քաղաքապետարանի, ՄԻՊ-ի կայքերը:
Ամենակարևոր արդյունքը, բանախոսի դիտարկմամբ, որ արձնագրվել է այս հետազոտության արդյունքում` մի քանի պետական կայքերի բարելավումն է: «Մեր նպատակն է, որ տարբեր նախարարություններ, գերատեսչություններ, հաշվի առնելով մոնիտորինգի արդյունքները, բարելավեն կայքի աշխատանքը»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Առաջին տեղը վարկանիշայինն աղյուսակում գրավել է տարածքային կառավարման նախարարությունը, որը նախորդ անգամ էլ առաջինն է եղել, երկրորդում` արդարադատության նախարարությունն է, երրորդ տեղում` միգրացիոն պետական ծառայության կայքը:
Առաջին երկու տեղերը գրավողները հատել են 60 տոկոսանոց թափանցիկության շեմը: Աշոտ Մելիքյանի խոսքով` մեծ առաջընթաց է արձանագրվել նաև ոստիկանության կայքում, կայքը վերակառուցվել է, բովանդակային բարելավում է տեղի ունեցել:
Վերջին տեղում ՀՌԱՀ-ն է, ընդամենը 21,98 տոկոսով: Ամենաանհրաժեշտ տեղեկատվությունը, որը պետք է ակնկալել այդ կայքից, բացակայում է: Չկան մրցույթների մասին տեղեկատվություններ, ֆորմալ կայք է:
Սակայն նույնիսկ առաջատարների մոտ լուրջ բացթողումներ են արձանագրվել. տարածքային կառավարման նախարարության կայքում տարեկան բյուջեի վերաբերյալ հաշվետվությունն է բացակայում, ինչը, սակայն, ըստ Աշոտ Մելիքյանի, հանրության համար շատ կարևոր և հետաքրքիր է, մրցույթների թափուր տեղերի ցանկը չկա:
Նա նաև նշեց, որ Սյունիքի մարզպետարանի կայքը ամեն անգամ բարելավում է իր բովանդակությունը, առաջընթաց է ունեցել Լոռիի մարզպետարանը:
Ըստ նրա` որակական առումով աչքի է ընկնում դատախազության կայքը, բարելավվել է նաև ԱԺ կայքը:
ՀՀ նախագահի կայքը շատ ցածր ցուցանիշ ունի: Կայքում բավական շատ թերություններ կան։









































