Նոր ուսումնասիրությունները պարզել են, որ ինչքան մեծ է սոցիալական կայքերում մարդու ընկերական շրջապատը, այնքան ավելի շատ է նա սթրեսի ենթարկվում:
Հետազոտությունները կատարել են Էդինբուրգի բիզնես-դպրոցի մասնագետները: Նրանք հայտնաբերել են, որ այն մարդկանց, ովքեր սոցիալական կայքերում շփվում են մեծ թվով «ընկերների» հետ, ավելի շատ են նեղացնում և ստորացնում: Մասնավորապես, եթե մարդն իր ընկերների թվում ավելացրել է գործատուներին և ծնողներին, ապա անհանգստությունը մեծանում է: Որոշ մարդիկ, ովքեր սովոր են ընկերական շրջապատի հետ ամեն ինչով կիսվել կամ բամբասել, այս դեպքում իրենց չեն կարող դա թույլ տալ:
Մեծ սթրես են ապրում այն ծնողները, ովքեր իրենց երեխաների էջում տեսնում են կասկածելի լուսանկարներ: Վիճակագրության համաձայն՝ ծնողների 55 %-ը հետապնդում է իր երեխաներին Facebook-ում: Գործատուները խոստովանում են, որ աշխատանքի չեն ընդունում այն մարդկանց, ում Facebook-յան էջն իրենց դուր չի գալիս: Մարդկանց 64 %-ն իր զուգընկերոջ հետ սոցիալական կայքերում ընկեր է եղել:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ մարդիկ ավելի շատ հաճույք են ստանում սոցիալական կայքեր դիտելուց, քան սեքսից և ծխախոտից:
Չիկագոյի մասնագետները հայտնաբերել են, որ սոցիալական կայքերն ավելի հասանելի են դարձել, և հետևաբար դրանցից շատ դժվար է հրաժարվելը: Հարցը դրանց էժանության մեջ է. այդ կայքերից օգտվելը սիգարետներից և ալկոհոլից շատ ավելի էժան է: Մարդիկ կարող են շփվել ուրիշների հետ, առանց դրա դիմաց որևէ բան տալու:









































