Ստյոպա Սաֆարյանի լիազորված անձ Սեդա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց այն ամենի վերաբերյալ, ինչին այսօր ականատես է դարձել Ավանում ընտրությունների ժամանակ: նա նշեց, որ շրջում է տեղամասերով և տեսել է, թե ինչպես են 32 և 5 համարի երթուղային և «Միլենա» ու «Էլենա» տաքսի-սերվիսների տաքսիներով մարդկանց բերում ընտրատեղամասեր:
Ըստ նրա՝ Հանրապետական թեկնածու Ռոբերտ Սարգսյանի շահերին ընդառաջ գնալով՝ հավաքագրում են մարդկանց, երթուղայիններով տեղափոխում, մինչև մուտքն էլ ճանապարհում են:
«Նոր Նորքում ևս նույն իրավիճակն է, իսկ ամենասարսափելին այն է, որ փաստացի գրանցված վայրից բացի՝ մարդիկ տարբեր տեղամասերում ընտրություն են անում, խնդիրն ավելի շատ թանաքի հետ է կապված: Դրանք շատ արագ հետքը կորցնող թանաքներ են: Որպեսզի թանաքների հետ կապված մայիսի վեցի խնդիրները չկրկնվեն, մենք երեկ ԿԸՀ-ից ուղղակի պահանջեցինք, որ սովորական թանաքներ օգտագործեն՝ կանխատեսելով այսօրվա իրավիճակը: Մի շարք ընտրատարածքների առջև մարդկանց խնդրել ենք բացել իրենց անձնագրի այն էջը, որտեղ կնիք է խփված և կարելի է ասել, որ կա՛մ կնիքի ուրվագիծն է, կա՛մ հետք չկա: Անգամ մի քանի ընտրատեղամասերում մարդկանց հետ տարել, կնիք խփել ենք տվել, բայց նույն պատկերն է եղել: Այսինքն՝ արդեն ինձ համար, անկախ ընտրությունների ելքից, կանխատեսելի է, թե ինչ մեծ ռեսուրսներ են օգտագործվում՝ և՛ անօրինական, և՛ մասշտաբային: Ի սկզբանե ես իմ համոզմունքն ունեմ, որ ՀՀ-ում ընտրություն ուղղակի չի կարող լինել»,- մանրամասնեց Սեդա Սաֆարյանը՝ շարունակելով, որ դրանք Ռոբերտ Սարգսյանի ռեսուրսներն են:
Նրա համոզմամբ՝ բոլորն էլ գիտեն, որ Տարոն Մարգարյանի ուղղակի ազդեցությամբ է դա կատարվում, և չեն էլ թաքցնում: Սեդա Սաֆարյանի կարծիքով՝ տերն ու ծառայի պատմությունն է, տերը Տարոնն է, ծառան՝ Ավանի ու Ավան-Առինջի ժողովուրդը:









































