Ախուրյան գյուղում ժամը 12-ի դրությամբ ընտրություն է կատարել 50 հոգի: Հանձնաժողովի նախագահ Լիպարիտ Տիգրանյանի խոսքով՝ այս ընտրություններում բնակչության մասնակցությունը պասիվ է:
Ի դեպ՝ այս գյուղում ընտրողների ընդհանուր թիվը 7 հազար է: Թեև հանձնաժողովի նախագահը հավելեց, որ կիրակի է, և ժամը 13.00-ից հետո ակտիվություն կլինի:
Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ընտրակաշառքի մասին լուրերն անհիմն են, նման բան չկա Ախուրյանում: Ես հայտարարում եմ, որ Ախուրյանում այս ընտրություններին որևէ ընտրակաշառք չկա:
Հարցին՝ ընտրակաշառք չկա, դրանո՞վ է պայմանավորված պասիվությունը` գյուղապետը պատասխանեց. «Շատ անգամ մասնակցել են գումարային բարելավում ապահովելու համար: Այս ընտրություններին մեզ մոտ չկա այդ երևույթը, ինչի համար ես ուրախ եմ»:
Գյուղապետը նշեց, որ գյուղն ունի 10 հազար 500 բնակիչ, մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընտրություն կատարել է 7 հազար ընտրողից 3 700-ը, այսինքն՝ ընտրողների կեսը: Սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության թիվը եղել է 3 300:






































