ՆԱՏՕ-ն Ռուսաստանին առաջարկում է վերականգնել համագործակցությունը «ռազմական գործողությունների թատերաբեմի» հակահրթիռային պաշտպանության ոլորտում: Այս մասին այսօր հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Մոսկվայի Риа-Новости գործակալությանը տված հարցազրույցում:
Ռասմուսենի ներկայացնելով՝ սա հակահրթիռային պաշտպանության այն ձեւն է, երբ արդեն կան գործողության մեջ գտնվող ռազմական զորամիավորումներ: Նա ավելացրել է, որ այսօրինակ համագործակցություն երկու կողմերի միջեւ արդեն եղել, է սակայն դադարեցվել է մի քանի տարի: Նա ռուսական կողմին առաջարկել է անցկացնել զորավարժություններ եւ տեսնել, թե ինչպես են կողմերը համագործակցում այս ոլորտում:
Ռասմուսենը նաեւ ավելացրել է, որ նշանակվել է ՆԱՏՕ-ի մոսկովյան գրասենյակի նոր համակարգող` Ռոբերտ Փշելը: «Պարոն Փշելը նշանակվել է, որպեսզի ամրապնդվի կողմերի համար այնքան կարեւոր կարծիքների փոխանակումը»: Ռասմուսենը նաեւ ասել է, որ ՆԱՏՕ-ն չի ակնկալում արագ պատասխան այս նոր առաջարկություններին: «Ես չեմ կարծում, որ առաջիկա գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանից հստակ պատասխան կլինի հակահրթիռային ապագա համագործակցության վերաբերյալ, եւ դա հասկանալի է», -ասել է Ռասմուսենը: