Ֆինլանդիայում այսօրվանից մեկնարկել է Սուրբծննդյան մարաթոնը: Հենց դեկտեմբերի 1-ից է մեկնարկում այնտեղ ձմռան ամենասիրելի տոներից մեկը:
Pikkujoulu-ն կամ Փոքր Սուրբ ծնունդը Ֆինլանդիան ավանդաբար տոնում է դեկտեմբերի 1-ին: Ասում են՝ այս ավանդույթը ծնվել է դեռ անցած դարի 20-ականներին, երբ կանանց կազմակերպությունները կազմակերպում էին Սուրբծննդյան տոնավաճառներ: Ֆիննական հին սովորույթի համաձայն՝ դեկտեմբերյան երեկոներին կանայք հավաքվել ու պատրաստել են Սուրբծննդյան զարդեր:
Ներկայում Pikkujoulu-ն ունի փոքր-ինչ այլ երանգ: Մեր օրերում այն նշանակում է Սուրբծննդյան մարաթոնի փաստացի մեկնարկ: Դեկտեմբերի 1-24-ն ընկած ժամանակահատվածը, երբ ֆինները հավաքվում են ընկերների հետ, անվանում են Փոքր Սուրբ ծնունդ:
Տոնը տարբեր կերպ է նշվում՝ բարում մեկ գավաթ գարեջրի շուրջ հանդիպումներից մինչև աշխատավայրում կորպորատիվ երեկոների կազմակերպում: Տոնին ընդունված է որոշ ընկերների նվիրել ոչ մեծ հուշանվերներ:
Pikkujoulu-ն հարկավոր է տոնել ընկերների, գործընկերների, հարևանների հետ մինչ Սուրբ Ծննդին նախորդող կիրակի օրը:








































