Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ`Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի լքի Պաղեստինին. «Պաղեստինցիները խիզախ, քաջ ազգ են, այդ պատճառով էլ եթե անգամ բոլորը երես թեքեն Պաղեստինից, ապա մենք չենք լքի նրանց: Թուրքիան ստիպված է հետաքրքրվել Սիրիայի ու Գազայի իրադարձություններով:
Քանի դեռ ամբողջովին չի լուծվել Պաղեստինի խնդիրը, ո՛չ այս տարածաշրջանում, ո՛չ էլ մյուս տարածաշրջանների երկրներում` ներառյալ Թուրքիան, չի լինի հանգստություն, խաղաղություն և անվտանգություն: Քանի դեռ Պաղեստինում արյուն է թափվում, քանի դեռ այնտեղ չի դադարում հրաձգությունը, տարածաշրջանի ոչ մի երկիր չի կարող խոսել իր անվտանգության մասին:
Թուրքիան իր հանգստության, խաղաղության ու անվտանգության համար հանդես է գալիս պաղեստինյան խնդրի խաղաղ կարգավորման օգտին: Թուրքիան կողմնակից է միայն խաղաղությանը, համերաշխությանը, բարեկամությանը և գործընկերությանը»:







































