Աշխարհահռչակ ամերիկացի երաժիշտ և ՄԱԿ-ում Խաղաղության դեսպան Սթիվի Ուանդերը հրաժարվել է Իսրայելի պաշտպանության բանակի աջակցությանը նվիրված համերգ անցկացնելուց այն բանից հետո, երբ մի քանի միջազգային կազմակերպություններ խնդրել են նրան չեղյալ հայտարարել ելույթը, հաղորդում է Reuters-ը:
Երգչին խնդրել են չեղյալ հայտարարել դեկտեմբերի 6-ին նշանակված համերգը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի պատճառով, որը շարունակում է անկայուն մնալ այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Պաղեստինը ճանաչեց կազմակերպությունում որպես դիտորդ պետություն:
Երգիչը հայտարարել է, որ որոշում է կայացրել հրաժարվել համերգից Մերձավոր Արևելքի ընթացիկ դրության պատճառով և նշել է, որ ինքը միշտ դեմ է եղել ցանկացած պատերազմի: Համերգ անցկացնելու փոխարեն` Սթիվին մտադիր է միջոցներ հատկացնել բարեգործական հիմնադրամներին` իսրայելցի և պաղեստինցի հաշմանդամ երեխաներին օգնելու համար:










































