Բունդեստագն ուրբաթ օրը կայացած քվեարկության ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Հունաստանի օգնության վերանայված փաթեթը: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, պատգամավորները փաստաթուղթն ընդունել են ձայների 473 կողմ և 100 դեմ հարաբերակցությամբ: 11 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Եվրոգոտու ֆինանսների նախարարներն ու Արժույթի միջազգային հիմնադրամը երեքշաբթի գիշերը համաձայնեցրել են Հունաստանի օգնության նոր բանաձևն այն բանի համար, որ չնայած անցած բոլոր անհաջողություններին, ապահովեն Աթենքը սնանկացումից փրկելուն ուղղված, արդեն 3 տարի շարունակվող ծրագրի հաջողությունը:
ԵՄ-ն ստիպված կլինի նոր ֆինանսական զոհողությունների գնալ՝ վարկերի մարման ժամկետները երկարաձգելու և տոկոսադրույքները նվազեցնելու ճանապարհով: Միջազգային վարկատուները նաև համաձայնեցրել են Հունաստանին 34.5 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական տրանշի հատկացումը:
Նշենք, որ վերջին 3 տարիներին Հունաստանի ՀՆԱ-ն նվազել է 20 տոկոսվ, պարտքը ներկայում կազմում է ՀՆԱ–ի 170-175 տոկոսը:









































