Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ներքին գործերի նախարարության մոտ 50 բարձրաստիճան ղեկավար կազատվեն իրենց պաշտոններից: Այս որոշումը կայացվել է կադրերի հետ նախնական աշխատանքի արդյունքում: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ իրենց պաշտոններին վերահաստատվելու համար ատեստավորման ժամանակ 179 թեկնածուներից դրական է գնահատվել միայն 145-ի աշխատանքը:
Մեդվեդևը հայտարարել է, որ անձամբ է զբաղվելու նոր նշանակումներով: Բոլոր նրանց, ովքեր ատեստավորումը չեն անցել տարիքային պատճառներով, սակայն իրենց լավ են դրսևորել ծառայության ժամանակ, կառաջարկվեն քաղաքացիական պաշտոններ:
Հիշեցնենք, որ երեկ նախագահ Դմիտրի Մեդվեդևն աշխատանքից հեռացրել էր ներքին գործերի 6 գեներալների: