Նոյեեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիսավոր պայմաններում Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան թեմերի առաջնորդ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանին և Մխիթարյան Միաբանության Ընդհանուր աթոռակալի տեղապահ Հայր Վահան Ծայրագույն Վարդապետ Օհանյանին հանձնել է ՀՀ քաղաքացու անձնագրերը:
ՀՀ Սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության նախագահի թույլտվությամբ ՀՀ սփյուռքի նախարարությանը վերապահված է հայ ազգի մեծագույն զավակներին և նշանավոր գործիչներին ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնելու արտոնությունը:
Նախարար Հ. Հակոբյանը, արժևորելով, բարձր գնահատելով Հայր Ռաֆայելի գործունեությունը՝ մասնավորապես վերջերս Զմմառի միաբանության Մատենադարանի և մշակութային կենտրոնի բացման և հանդիսավոր արարողության կազմակերպման գործում, նշեց. «Հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում Հայր Ռաֆայելը նոր որակ, նոր շունչ հաղորդեց ինչպես Կաթողիկե եկեղեցու և պետության, Առաքելական եկեղեցու, այնպես էլ Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների զարգացմանը: Նա ազգին ու մշակույթին նվիրված անհատականություն է»:
Հայր Ռաֆայելը՝ ստանալով ՀՀ անձնագիրը, նշեց, որ իր հուզմունքը հազվադեպ է այսպես նկատելի լինում. «Մենք պարտավոր ենք նվիրվելու, հալվելու ազգին ծառայելու գործի մեջ: Երազ էր անկախ հայրենիքը և մենք միայն կարոտով էինք երգում Հայաստանի անկախությունը, ոչ մեկս չէր կարող երազել, որ մի օր պիտի ապրենք անկախ երկրում, ունենանք անկախ Հայաստանի քաղաքացու անձնագիր»:
Հայր Վահանին ՀՀ քաղաքացու անձնագիրի հանձնելիս նախարար Հ. Հակոբյանը ներկայացրեց նախարարության հետ նրա տևական համագործակցությունը, որը սկիզբ է առել իտալերեն-հայերեն բառարանի վերահրատարակումից, իսկ վերջերս լույս է ընծայվել Նյու Յորք Թայմզում 1890-1914 թվականներին Հայոց Ցեղասպանությանն առնչվող բոլոր հրապարակումների ժողովածուն՝ «Հայերը օսմանյան կայսրության վերջալույսին» վերնագրով. «Մխիթարյան Միաբանությունը մեր ազգի հպարտությունն է: Սեբաստացու գործը նրա աշակերտները սիրով, ոգևորությամբ շարունակում են արդեն երեք հարյուր տարի, շարունակողներից մեկն էլ Հայր Վահանն է, ով իր գրիչն ու միտքը նվիրել է հայոց պատմությանը»- ասաց նախարար Հրանուշ Հակոբյանը:
Հայր Վահանը երախտագիտություն հայտնեց իրենց ընձեռված բացառիկ առիթի համար. «Ես վաղուց էի փափագում Հայաստանի Հանրապետության անձնագիր ունենալու մասին: Ինձ համար մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ունենալը: Հայրենիքը մշտապես իմ սրտում է եղել, հատկապես, որ ապրում եմ Սուրբ Ղազար կղզում»:
Հոգևորականները հուզմունքով ու պատասխանատվության բարձր գիտակցությամբ հանդիսավոր երդվել են:











































