Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոյեմբերի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած «Դիակոնիայի ուսուցում» համաժողովը նոյեմբերի 29-ին ամփոփել է իր արդյունքները:
Երկրորդ օրվա նիստերը նախագահել են ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը և Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:
Համաժողովի «Դիակոնիա. ծխերի և համայնքների դերը» խորագիրը կրող երրորդ նիստին բանախոսություններով հանդես եկան Մեծ Բրիտանիայից Վերապատվելի Ռոջեր Փրիսը («Եկեղեցին և նրա դերը համայնքի վերափոխման գործում») և Օքսֆորդի համալսարանից (Մեծ Բրիտանիա) դոկտոր Հրաչ սրկ. Չիլինգիրյանը («Ծուխը որպես դիակոնիայի կենտրոն. հավատն ու սպասավորությունը գործողության մեջ»):
«Լավագույն օրինակներ, փորձի փոխանակում» խորագիրը կրող չորրորդ նիստին զեկույցներ ներկայացրեցին Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը («Ժամանակակից դիակոնիկ սպասավորությունը Հայ Կաթողիկե եկեղեցում և էկումենիկ համագործակցությունը») և ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը («Սոցիալական աշխատանքի ուսուցման փորձը Հայաստանում. զուգահեռներ սոցիալական դիակոնիայի ուսուցման հետ և համագործակցության հեռանկարներ»):
Երկօրյա համաժողովը փակվել է Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանի ամփոփիչ խոսքով: Կ. Նազարյանը վերստին ընդգծեց դիակոնիայի ուսուցման անհրաժեշտությունը Հայաստանում և սպասավորության այս ոլորտում առկա փորձառության փոխանակման կարևորությունը: Մասնակիցներն իրենց հերթին գոհունակություն հայտնեցին ՙԿլոր սեղան՚ հիմնադրամի և Գևորգյան հոգևոր ճեմարանի գործակցությամբ կազմակերպված համաժողովի առիթով` օգտակար և արդիական նկատելով արծարծված խնդիրները:
Նույն օրը համաժողովի մասնակիցներն այցելել են Գևորգյան հոգևոր ճեմարան և հանդիպում ունեցան ուսանողության հետ:






































