ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար միայն կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակվեն։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարությանը՝ նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը.
«Նման հայտարարությունը տեղավորվում է միայն այն տրամաբանության մեջ, որը որդեգրել են միջնորդ երկրները: Այսինքն՝ նրանց համար ամենից կարևորն այն է, որպեսզի գործընթացը շարունակվի: Եվ հաշվի առնելով, որ մարդասպանին հերոսացնելու պատճառով բանակցություններին հասցվել է սարսափելի հարված (իսկ պատերազմից հետո բանակցություններին որևէ այլ բան նման սարսափելի հարված չէր հասցրել), գործընթացը գնաց փակուղի: Բնական է, որ համանախագահները պետք է ամեն ինչ անեն, որ գոնե ձևականորեն բանակցային գործընթացը պահպանեն: Հետևաբար այդ հայտարարությունը հիմնականում այս նպատակի համար է արված»:
Պատասխանելով այն հարցին, թե Դուբլինում կայանալիք հանդիպման ժամանակ բանակցությունների շուրջ ի՞նչ քննարկումներ կարող են ունենալ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը, Դ. Բաբայանն ասաց. «Բավականին երկար ժամանակ կպահանջվի Լեռնային Ղարաբաղի շուրջ որևէ համաձայնության գալու համար: Եթե, այնուամենայնիվ, նման հանդիպում կայանա, չեմ կարծում, որ արտգործնախարարները որևէ համաձայնության գան կամ ինչ–որ բան որոշեն: Այս հարցի շուրջ բանակցությունները կարող են լուծվել տասնյակ տարիների ընթացքում, բայց բացառվում է, որ մի օրվա կամ մի հանդիպման ընթացքում ինչ–որ բան որոշվի»։








































