Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան դիվանագետների միջև խորհրդակցությունների հերթական՝ երկրորդ ռաունդը կկայանա Պեկինում, հաջորդ շաբաթ: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան:
«Միջկառավարական խորհրդակցությունները տեղի կունենան Պեկինում, դեկտեմբերի 5-6-ը: Ծրագրվում է խորացնել քննարկումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ»,- հայտարարել է Ֆուձիմուրան:
Դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների դիվանագետների հանդիպումը չորս տարվա ընթացքում առաջին անգամ անցկացվել էր օգոստոսին Պեկինում: Դրա ընթացքում որոշվել էր բարձրացնել երկու կողմերի բանակցորդների կարգավիճակը և անցկացնել բանակցությունների նոր փուլ: Դրանից հետո նոյեմբերի 15-16-ին Ուլան-Բատորում առաջին անգամ տեղի ունեցավ երկու կողմերի բարձրաստիճան դիվանագետների ղեկավարների մակարդակով խորհրդակցությունների փուլ:
Ճապոնիային առաջին հերթին հետաքրքրում է 1970-80 ականներին առևանգված և Հյուսիսային Կորեայում բռնությամբ պահվող ճապոնացիների հարցը: Կորեական կողմը պնդում է, որպեսզի 5 գերիներին վերադարձնելուց հետո հարցը փակվի, քանի որ Ճապոնիայի մյուս քաղաքացիները մահացած են: Չնայած այդ տարաձայնություններին, Ուլան-Բատորու կողմերը պայմնավորվել են շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ առևանգված ճապոնացիներին վերաբերող հարցերի շուրջ: Բացի այդ, ինչպես սպասվում է, կշոշափվեն անվտանգությանը վերաբերող հարցեր, որոնք ներառում են Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերը:








































