Վերաքննիչ քրեական դատարանում Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, Մանուշակ Պետրոսյանի և Կարինե Ղազարյանի մասնակցությամբ շարունակվեց Հայկ Մաղաքյանի գործով պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:
Հայկ Մաղաքյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա, «հանդիսանալով ԱԱԾ սահմանապահ զորքերի պարետատան ժամկետային զինծառայող, 2010 թվականի հունիսի 9-ին պարբերաբար՝ ժամը 17.30-ին, 18-ին, 19.30-ին և 24-ին, պարետատան տարածքում ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները՝ 2010 թվականի մայիսի 21-ին իրենից 30 հազար դրամ գողանալու համար անհիմն մեղադրել համածառայող, շարքային Վալերի Շոնովին՝ ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը, որն առաջացրել է ծանր հետևանք. Շոնովը, լինելով հուզականորեն անկայուն, տպավորվող և պատվախնդիր, չդիմանալով Հայկ Մաղաքյանի հալածանքներին, նրա գործողություններն առավել ցավագին ընդունելով և հայտնվելով անելանելի վիճակում, հունիսի 10-ին, ժամը 4-ն անց 30-ին, ծառայության մեջ գտնվելով սահմանապահ վերակարգում, իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է գործել»:
Հայկ Մաղաքյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա պնդել է, թե Շոնովին չի հալածել, նրա պատիվն ու արժանապատվությունը չի ստորացրել: Իր գումարը գողանալու համար նրան չի էլ կասկածել: Միայն դեպքին նախորդող օրը, երբ համածառայող Գարիկ Ղարիբյանը կասկած է հայտնել, թե երբեք գումար չունեցող Շոնովը սկսել է գումարներ ծախսել, ինքը խոսել է Շոնովի հետ ու հորդորել՝ եթե գողացել է գումարը, թող վերադարձնի:
Նախաքննությունը դեռ չավարտված՝ անցկացվել է հետմահու ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ «Հայկ Մաղաքյանի անօրինական գործողությունների և Վալերի Շոնովի ինքնասպանության մեջ առկա է պատճառահետևանքային կապ»:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Զ. Զաքինյանի նախագահությամբ 2011 թվականի մայիսի 25-ի դատավճռով առաջադրված մեղադրանքը հաստատված է գնահատել, և Մաղաքյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման:
Մաղաքյանի շահերի պաշտպան Մ. Խաչատրյանը բողոքարկել է դատավճիռը, և վերաքննիչ քրեական դատարանը՝ Եվա Դարբինյան, Աիդա Հովհաննիսյան, Սերգեյ Չիչոյան կազմով, 2011 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նորից քննություն կատարելու: Վերաքննիչ դատարանի եզրակացությամբ՝ «Նախաքննական մարմինը և ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործով ձեռք բերված ապացույցներին միակողմանի և ընտրողական գնահատական են տվել, փորձ չեն արել պարզաբանելու գործի օբյեկտիվ լուծման համար կարևոր հարցերը, ապացույցները չեն գնահատել համակցության մեջ»:
Վերաքննիչ դատարանի որոշման մեջ վեր են հանված այն հարցերը, որոնց պարզաբանմանը հարկ էր ուշադրություն դարձնել երկրորդ դատաքննության ժամանակ:
Այս անգամ պաշտպանական կողմի միջնորդությամբ նշանակվել էր կրկնակի հետմահու ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ «Մաղաքյանի գործողությունների և Շոնովի ինքնասպանության միջև պատճառահետևանքային կապը հնարավոր չէ հաստատել»: Փորձագետը թվարկել է Շոնովին անհանգստացնող մի քանի հանգամանքներ, որոնք վեր էին հանվել նախորդ փորձաքննության անցկացումից հետո և նույնպես կարող էին տարօրինակ վարքագիծ դրսևորող զինվորին ինքնասպանության մղել. Շոնովի ընտանիքը ծանր նյութական վիճակում էր, Շոնովը թույլ էր տվել ինքնախեղում՝ վնասել էր երակները դեպքից ամիսներ առաջ՝ մարտին, նա իրեն տարօրինակ էր պահել, նեղացկոտ էր եղել, շուն էր սպանել ու թաղել, համածառայողներից մեկի վրա զենք էր պահել, հոգիներ ու ստվերներ էր տեսել և այլն: Փորձագետը ենթադրել էր, թե շարքային Շոնովի մոտ միգուցե սկսվում էր հոգեկան հիվանդություն, սակայն դա հաստատել հնարավոր չէ, քանի որ Շոնովը ողջ չէ:
Երկրորդ դատաքննության ժամանակ իրենց նախաքննական ցուցմունքները մեծ մասամբ փոխել ու Մաղաքյանի մեղքը ժխտող, Շոնովի տարօրինակությունները վեր հանող ցուցմունքներ էին տվել ժամկետային ծառայությունն ավարտած վկաները:
Ինքնասպանությունից հետո Շոնովի մարմնի վրա դատաբժիշկն արձանագրել էր մարմնական վնասվածքներ, որոնք նա, հնարավոր է, որ ստացած լիներ վերակարգում եղած ժամանակ, երբ Մաղաքյանն այնտեղ չէր, իսկ Շոնովը հերթապահում էր Գարիկ Ղարիբյանի հետ:
Երկրորդ դատաքննության ավարտին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռ. Մելքոնյանի նախագահությամբ, այնուամենայնիվ, Մաղաքյանին մեղավոր է ճանաչել քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով, բայց դատապարտել է ավելի մեղմ պատժի՝ 4 տարի ազատազրկման:
Պաշտպանական կողմը դարձյալ վերաքննիչ բողոք է բերել՝ միջնորդելով արդարացնել երկուսուկես տարի կալանքի տակ գտնվող Մաղաքյանին կամ, ծայրահեղ դեպքում, մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով:
Նախորդ դատական նիստին Մաղաքյանի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը մանրամասն ներկայացրեց վերաքննիչ բողոքը: Այսօր այդ բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց մեղադրող Ա. Զաքարյանը: Նա համոզմունք հայտնեց, որ նախաքննական մարմինը ճիշտ է որակել Մաղաքյանի կատարած հանցավոր արարքը, իսկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատճառաբանված է, օրինական, այն բեկանելու հիմքեր չկան: Ընդ որում՝ մեղադրողը նույն կարծիքին էր եղել նաև նախորդ՝ արդեն բեկանված դատավճռի վերաբերյալ: Մեղադրողի շատ եզրահանգումներ մեղադրական եզրակացության ձևակերպումների կրկնությունն էին: Ըստ մեղադրողի՝ վկաները երկրորդ դատաքննության ժամանակ իրենց ցուցմունքները փոխել էին կալանքի տակ գտնվող ամբաստանյալի և նրա պաշտպանի ճնշումների ազդեցությամբ: «Պարզ է, որ ճիշտ են նրանց նախաքննական ցուցմունքները»,- աներկբա կարծիք հայտնեց մեղադրողը: Նա ենթադրություն արեց, որ Շոնովի մարմնական վնասվածքները, որոնց ծագման վերաբերյալ քննություն չէր կատարվել, հավանաբար Մաղաքյանն էր պատճառել, բայց նախաքննական մարմինը այդ վնասվածքների պատճառման համար նրան մեծահոգաբար մեղադրանք չէր առաջադրել: Ըստ մեղադրողի՝ հետմահու դատահոգեբուժական երկու փորձաքննություններից առավել արժանահավատ էր առաջին փորձաքննության եզրակացությունը, ոչինչ, որ հանձնաժողովին առավել քիչ ելակետային տվյալներ էին տրամադրվել, և երկրորդ փորձաքննությունը կատարած փորձագետը իր ցուցմունքներում կրկնել էր, թե հնարավոր չէ հաստատապես պնդել, որ Մաղաքյանի գործողությունների ու Շոնովի ինքնասպանության մեջ պատճառահետևանքային կապ գոյություն ունի:
Ըստ մեղադրողի՝ երկրորդ դատաքննությամբ նույնպես հաստատվել է, որ Շոնովը ոչ մի խնդիր չի ունեցել, նրան անհանգստացնող միակ խնդիրը եղել է Մաղաքյանի հալածանքը: Մինչդեռ պաշտպանի համոզմամբ՝ երկրորդ դատաքննության ընթացքում վեր էին հանվել Շոնովին անհանգստացնող բազմաթիվ խնդիրներ, որոնք անտեսվել էին դատարանի կողմից: Շոնովի շապիկի պատռվածքը, ըստ մեղադրողի ենթադրության, դատաբժշկի արածը պիտի որ լիներ, չնայած դատաբժիշկը այդ հարցի վերաբերյալ պարզաբանումներ չէր տվել ու չէր հարցաքննվել:
Պաշտպանը մեղադրողի առարկությունների վերաբերյալ հայտարարության մեջ հատված առ հատված վերլուծեց այն և իր անհամաձայնությունը հայտնեց մեղադրողի ձևակերպումներին:
Նախագահող դատավորը մեղադրողին հարցրեց, թե ի՞նչ է նշանակում մեղադրական եզրակացության մեջ առանց կոնկրետացման արված հետևյալ ձևակերպումը. Մաղաքյանը… «խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները». ո՞ր կանոնների մասին է խոսքը, մեղադրյալը մի՞թե պիտի չիմանա, թե ինչ մեղադրանք է առաջադրված իրեն, կոնկրետ ինչի՞ համար է մեղադրվում: «Եթե նախորդ դատավճիռը ուժի մեջ մտներ, մարդը չէր էլ իմանա, թե ինչի համար է մեղադրվում»: Սակայն նույն ձևակերպումը կա նաև երկրորդ դատավճռում, իսկ մեղադրողն իր ընդհանրական պարզաբանումները տվեց վերաքննիչ քրեական դատարանում՝ այսօր:
Մաղաքյանի շահերի պաշտպանը հայտարարեց, թե ցանկանում է միջնորդություն ներկայացնել, բայց դրա համար պետք է հստակեցնի իր պաշտպանյալի դիրքորոշումը: Դատարանն ընդմիջեց նիստը՝ պաշտպանին հնարավորություն տալով նախապատրաստելու միջնորդությունը:









































