«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ Վանաձոր քաղաքում խուճապ է: Հիմնականում պետական հիմնարկներից մարդիկ դուրս են գալիս, մանկապարտեզներից հանում են և տուն են ուղարկում երեխաներին, քանի որ լուրեր են շրջանառվում, որ ժամը 12:00-ին երկրաշարժը կրկնվելու է:
«Մենք դատարանում դատական նիստ պետք է անցկացնեինք, նույն տեղեկատվությունը եկավ նաև դատարանից, որ հարկավոր է դուրս գալ դատարանի շենքից: Շենքեր կան, որ բնակչությունը ամբողջությամբ դուրս է եկել, սպասում են ժամը 12:00-ին: Մարդիկ երեխաներին գրկած՝ տներից իջեցրել են դուրս»,- ասաց նա:
ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հերքեցին սպասվելիք երկրաշարժի մասին լուրերը և նշեցին, որ իրականությանը չի համապատասխանում ժամը ժամը 12:00-ին սպասվելիք երկրաշարժը:
Հիշեցնենք. այսօր, տեղական ժամանակով ժամը 03.08-ին, Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, էպիկենտրոնում այն կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710 և արևելյան երկայնության 44.410:
Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդ ուժգնությամբ 4 հետցնցում: