Ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայում տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի Կադենա ռազմաբազայի հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչները դատարանի միջոցով կփորձեն հասնել գիշերային ժամերին ռազմական ինքնաթիռների թռիչքների դադարեցմանը, ինչպես նաև աղմուկի հետևանքով իրենց առողջությանը հասցված վնասի համար 2,7 մլն դոլար փոխհատուցում ստանալուն: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ կոլեկտիվ հայցը ներկայացված է 140 մարդու անունից, որոնք ապրում են ամերիկյան բազայի հարևանությամբ:
Փաստաթղթում կպարունակվի պահանջ՝ չեղյալ հայտարարել ԱՄՆ բազայից թռիչքները գիշերային ժամերին և վաղ առավոտյան:
Ճապոնական կառավարության դեմ ուղղված նման հայցերը սովորաբար մերժվում են, քանի որ միջազգային իրավունքի համաձայն` Ճապոնիայի արդարադատության կանոնները չեն տարածվում իր տարածքում գտնվող` արտասահմանյան պետությունների կազմակերպությունների գործողությունների վրա:
2010-ին, սակայն, Ճապոնիայի կառավարությունը հաստատեց մի շարք չափանիշներ, որոնց դեպքում երկրի բնակիչները կարող են դատական հայցեր ներկայացնել արտասահմանյան պետությունների դեմ:
Ճապոնիայում, ըստ երկրի պաշտպանության նախարարության տվյալների, մշտապես կա շուրջ 20 հազար ամերիկացի զինծառայող, ամերիկյան 140 մարտական ինքնաթիռ և այլ ռազմական միավորներ:











































