ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռատոն քաղաքի բնակչուհուն ձերբակալել են նոր ծանոթի հետ հանդիպումից մի քանի ժամ անց, գրում է Sun-Sentinel-ը:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին:
Ոստիկանությունում հայտնել են, որ 35-ամյա Ջիլիան Մարթոնը և 39-ամյա Էֆրեն Մոլինան մի քանի օր առաջ են ծանոթացել և շուտով պայմանավորվել են առաջին անգամ հանդիպել:
Զույգը գնացել է ընթրելու, որից հետո Մոլինան նոր ընկերուհուն իր տուն է տարել: Այնտեղ նրանք զրուցել են, այդ ընթացքում Մարթոնը փորձել է պարզել` կարող է ինքն արդեն համարվել Մոլինայի ընկերուհին: Տղամարդը չի համաձայնել այդպիսի ձևակերպման, ինչից Մարթոնը վրդովվել է:
Երբ Մոլինան կնոջը խնդրել է հեռանալ, վերջինս վազել է խոհանոց, վերցրել դանակն ու սկսել սպառնալ իր նոր ծանոթին: Հայտնում են, որ տղամարդը, այնուամենայնիվ, կարողացել է վռնդել կատաղած կնոջը, որը չի հանգստացել և քարեր է նետել Մոլինայի տան պատուհաններին:
Շուտով դեպքի վայր է հասել ոստիկանությունը, որը խոսել է Մոլինայի հետ, ապա ձերբակալել նրա ընկերուհուն:










































