Տոկիոյի համալսարանի ինժեներները ստեղծել են գրքերի սքանավորման հատուկ համակարգ, որը կարող է թվայնացնել րոպեում մինչև 250 էջ: Նման արագության հնարավոր է հասնել էջերը թերթելու գործընթացի տեսագրությունից հարթ պատկերի վերականգնման ալգորիթմների օգտագործման շնորհիվ:
Ինչպես հաղորդում է NewScientist-ը, գրքերի թվային կրկնօրինակների ստեղծման համար օգտագործում են պատկերի վերականգնման բարդ ալգորիթմներ: Սկզբում սարքը էջերը թերթելու ընթացքում վայրկյանում 500 անգամ հաճախականությամբ ֆիքսում է դրանց եռաչափ դիրքը: Ընդ որում հեղինակներն օգտագործում են դեֆորմացիայի բացառիկ մաթեմատիկական մոդել, որը հնարավորություն է տալիս ձայնագրության հիման վրա վերկանգնել կետերի դասավորությունն էջի վրա:
Այնուհետև տեսախցիկների ֆիքսած տեսագրությունից ընտրվում են էջերի այն կտորները, որոնք առավել հարմար դիրքից են նկարվել: Հենց այդ կտորներից էլ հավաքվում է վերջնական պատկերը:
Չնայած նրան, որ պատկերը ֆիքսվում է տեսախցիկների կողմից, հեղինակների խոսքերով՝ այն ունի բարձր խտություն՝ մեկ դյումում 400 կետ:
Ապագայում նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա մոտ 20 անգամ ավելացնել գրքերի սքանավորման արագությունը: Հեղինակները, սակայն, դեռ չգիտեն՝ արդյոք այն հնարավոր կլինի կիրառել բոլոր գրքերի համար, քանի որ թերթելու գործընթացը մեծապես կախված է գրքի ծավալից և կազմից:






































