«Հայաստան» համահայկական հիմնադրամը այսօր կանցկացնի իր հերթական հեռուստամարաթոնը Լոս Անջելեսում, որն ամենամյա միջոցառում է: Այդ միջոցառման արդյունավետությունը հարաբերական է: Մի տարի շատ փող է հավաքվում, մյուս տարի՝ քիչ, հետո գուցե էլի շատ, էլի քիչ: Այդ ամենն իսկապես հարաբերական է, առավել ևս, որ հավաքվող գումարը հազիվ կազմում է մեկ-երկու տասնյակ միլիոն դոլար:
Աշխարհով մեկ սփռված տասը միլիոն հայերի և տարին մեկ անգամ պարբերականության պարագայում այդ մեկ-երկու տասնյակ միլիոնը իսկապես քիչ է, առավել ևս, որ դրա մի մասն էլ ընդամենը մնում է որպես դրամահավաքին տրված խոստում, որն այդպես էլ չի իրականանում: Այսինքն՝ այստեղ խնդիրը առավել հիմնարար է և ունի լրջագույն վերանայման կարիք:
Ընդհանրապես, համազգային հանգանակությունն, անշուշտ, կարևոր բաղադրիչ է, որ պետք է ուղեկցի Հայաստանի պետականության ընթացքին և լինի սփյուռքի ահռելի ներուժի օգտագործման կարևոր գործիքներից մեկը: Սակայն ներկայումս դա առավելապես գլխավոր գործիքն է, ինչը ռազմավարական սխալ է: Սփյուռքի հետ հարաբերությունը պետք է դուրս գա հանգանակության գերակայւթյունից և վերաճի արդեն զարգացման ներդրումային ծրագրերի հենքով մշակված քաղաքականության: Այսինքն, Հայաստանի պետական զարգացմանը սփյուռքը պետք է մասնակցի ոչ թե տարին մեկ կամ երկու հանգանակությամբ, այլ ռազմավարական ներդրումներով, որոնց վերաբերյալ առաջարկներով պետք է հանդես գա պետությունը` Հայաստանի իշխանությունը:
Սփյուռքը պետք է Հայաստան բերի ներդրումներ, շահավետ ծրագրեր, տեխնոլոգիաներ, արժեքներ: Հայաստանը պետք է այդ ամենի համար շահեկան բիզնես միջավայր ապահովի, որը սփյուռքահայ ներդրողներին կտա այստեղ շահավետ և հայրենանվեր ռազմավարական գործունեություն ծավալելու հնարավորություն: Ժամանակն է անցնել այդ մեխանիզմին:
Սակայն Հայաստանում դեռևս չի անցնում գողության և կոռուպցիայի ժամանակը, և սփյուռքահայ ներդրողները Հայաստանում կա՛մ պետք է հարմարվեն դրան, կա՛մ լինեն դրա զոհը: Թարմ օրինակը ամերիկահայ ներդրող Էդմոն Խուդյանի օրինակն է, որը Հայաստանում մի քանի միլիոն ներդրում է կորցրել և հայաստանյան դատական համակարգում չի կարողանում վերականգնել իր կորուստը: Նա այսօր ստիպված է դիմել ԱՄՆ-ի կառավարությանը՝ ապավինել ամերիկյան դատական համակարգին: Եվ Էդմոն Խուդյանի օրինակը եզակի չէ: Կան տասնյակ օրինակներ, երբ սփյուռքահայ ներդրողները կա՛մ լռել են, կա՛մ նրանց ձայնը բավարար ուշադրության չի արժանացել այլ խնդիրների պատճառով:
Այդ ամենի հետևանքով արևմտյան սփյուռքի ներդրումները Հայաստանում զգալիորեն պակասել են, և ավելացել է ռուսական սփյուռքի ներդրումը, որովհետև Ռուսաստանի հայկական կապիտալը գործում է հայաստանանման կոռումպացված միջավայրում և այդ առումով հեշտ է լեզու գտնում Հայաստանի իշխանության հետ, հարմարվում, պայմանավորվում և գործում այդ միջավայրում:
Այս ամենի ֆոնին համազգային հանգանակությունները դառնում են ընդամենը պարզ ձևականություն՝ հարաբերական արդյունավետությամբ, զուրկ որևէ ռազմավարական բնույթից և ընդամենը շղարշ, քարոզչություն և խոշոր հաշվով հնացած կենաց: Այդ մեխանիզմը վաղուց արդեն ադեկվատ չէ համաշխարհային զարգացումներին և նոր իրավիճակին, Հայաստանի համար դրանց առաջ բերած մարտահրավերներին ու նաև հնարավորություններին:









































