Ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կազատվեն օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից: Նման որոշում կընդունվի այսօր` կառավարության նիստում:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում նախատեսվում է եկամուտների նվազեցում մոտավորապես 65 միլիոն դրամի չափով, սակայն այդ գումարը ԱԳՆ-ին կփոխանցվի կառավարության պահուuտային ֆոնդից:
«Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը և քաղաքական հետագա զարգացումները, Սիրիայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը` ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու և նրանց վերադարձը հայրենիք կազմակերպելու համար:
Ներկայում օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու համար գանձվում է պետական տուրք` 65 հազար դրամի չափով, որի վճարումը ծանր նյութական վիճակում գտնվող սիրիահայերի համար խնդրահարույց է»,- նշված է կառավարության որոշման նախագծում, որի համար և սահմանվում է պետական տուրքի գծով արտոնությունը:









































