1861թ. այս օրը Արցախի Խաչեն գավառի Նախիջևանիկ գյուղում ծնվեց ռազմական գործիչ, Սարդարապատի ճակատամարտի ընդհանուր հրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը:
Հովհաննես Բաղրամյանը բարձր է գնահատել Փիրումյանի զորավարական արվեստը: Նա ավարտել է Շուշիի քաղաքային ուսումնարանը: Զինվորական ծառայությունը սկսել է 1881-ից 13-րդ Երևանյան գնդում: 1881-1883թթ. սովորել է Թիֆլիսի հետևակային յունկերական ուսումնարանում:
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918թթ.) ժամանակ Դանիել Բեկ-Փիրումյանը կռվել է Կովկասյան ռազմաճակատում: 1918թ. մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, եղել է զորաջոկատի ընդհանուր հրամանատար, ռազմաճակատի կենտրոնական հատվածում ջախջախել ու հետ է մղել թուրքերին: 1919-1920թթ. եղել է Կարսի պարետ:
Դանիել Բեկ-Փիրումյանը պարգևատրվել է ռուսական շքանշաններով և Գեորգիևյան անվանական զենքով: 1921թ. գնդակահարվել է բոլշևիկների կողմից Ղարաքիլիսայում:










































