Apple ընկերությունը 2013 թ. նախաամանորյա օրերին կարող է թողարկել սեփական մակնիշի հեռուստացույց, որը կարժենա 1,5-2 հազար դոլար։ Այս մասին տեղեկացրել է AppleInsider կայքը՝ հղում կատարելով վերլուծաբան Ջին Մանսթերին:
Հեռուստացույցից բացի, Մանսթերը կանխատեսում է այլ ապրանքների թողարկում ևս: Վերլուծաբանի կարծիքով՝ հաջորդ տարվա մարտին ընկերությունը կթողարկի iPad mini-ի նորացված տարբերակը, հունիսին կթողարկվեն iOS և OS X ծրագրային պլատֆորմների նոր տարբերակները, իսկ սեպտեմբերին՝ iPhone 5S-ի աննշան նորացված մոդելը:
Վերլուծաբաններն արդեն վաղուց են կանխատեսել, որ Apple-ն աշխատում է իր սեփական հեռուստացույցի վրա, սակայն այդ սարքավորման գոյության պաշտոնական հաստատում դեռ չկա: Ինչևէ, ժամանակի ընթացքում ավելի շատ վերլուծաբաններ են եկել այն եզրահանգման, որ ընկերությունն, իրոք, հեռուստացույց է պատրաստում:
Անցած տարվա աշնանը ընկերության հեռուստացույց փողարկելու մասին լուրեր պատճառ էր հանդիսացել ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի պաշտոնական ինքնակենսագրությունը: Գրքի հեղինակ Ուոլտեր Այզեկսոնը պատմում է Ջոբսի այնպիսի սարքավորում թողարկելու ցանկության մասին, որը կփոփոխի հեռուստատեսությունը այնպես, ինչպես iPod-ը փոխեց ձայնագրման արտադրությունը:
Ջոբսի գաղափարներից մեկի համաձայն, գնելով ֆիլմը և դիտելով այն շարժական սարքավորման վրա, օգտագործողը կարիք չի ունենա լրացուցիչ գործողություններ կատարել, որպեսզի շարունակի այն դիտել մեծ էկրանին:







































