Այն ծնողները, որոնք իրենց երեխայի խնամքը վստահում են կողմնակի անձանց, երեխային ենթարկում են ճարպակալվելու մեծ ռիսկի: Նման երևույթի պատճառները մասնագետները դեռ չեն կարողացել պարզել:
Այն դպրոցականները, որոնք վաղ տարիքում հաճախել են մանկապարտեզ, հավանական է՝ 50%-ով ավելի շատ տառապեն ճարպակալումից: Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Mail-ը, նման եզրակացության են հանգել Մոնրեալի համալսարանի կանադացի գիտնականները:
Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 1600 ընտանիք Քվեբեքից: Բոլորն ունեցել են 1997-1998թթ. ծնված երեխաներ:
Վերջին 6 տարում գիտնականները հետևել են երեխաների քաշի տատանումներին ու աճին:
Արդյունքները ցույց են տվել, որ զգալի տարբերություն կա ծնողների և այլ անձանց հոգածության տակ եղած երեխաների միջև: Այդ տարբերությունն ակնահայտ է դառնում արդեն 10 տարեկանում:
«Ընդ որում՝ դեր չեն խաղում այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական կարգավիճակը, մոր մարմնի քաշի ինդեքսը ու այն հանգամաքը, թե մայրը երեխային կրծքո՞վ է կերակրել, թե՞ արհեսակական կաթով»,- ասել է հետազոտության առաջատար մասնագետներից բժիշկ Մարի-Կլոդ Ժոֆրուան:
ԳԻտնականները դժվարանում են բացատրել պատճառները, սակայն նրանց կարծիքով՝ մեծ դեր են խաղում անառողջ սնունդն ու ֆիզիկական վարժությունների անբավարարությունը, սակայն դա դեռ ենթադրություն է:











































