ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը այսօր հայտարարել է, որ ինքը շատ անհանգստացած է, որ Գազայի հատվածում ռազմական հակամարտության պատճառով երկու կողմերում էլ խաղաղ բնակիչներ են զոհվում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Անհրաժեշտ է խուսափել անմեղ մարդկանց կորստից երկու կողմերում էլ»,- ասել է Էշթոնը ԵՄ 27 երկրների արտգործնախարարների հերթական հանդիպմանը, որի օրակարգում է նաև Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակը:
Էշթոնը չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե ինչու ԵՄ-ն չի դատապարտում Իսրայելի ռազմական օպերացիան: Սակայն նա արտահայտվել է Գազայի հատվածի հարցով երկարաժամկետ լուծման օգտին: «Մենք պետք է ուղիներ որոնենք, որպեսզի կանխարգելենք նման հրթիռային հարձակումները ու խաղաղություն հաստատենք տարածաշրջանում»,- ասել է Էշթոնը:
Ավելի վաղ նա ԵՄ անունից դատապարտել էր Իսրայելի հրթիռակոծումը պաղեստինցի զինյալների կողմից:










































