News Corp ընկերության ղեկավար, մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը, Associated Press գործակալությանը և CNN հեռուստաալիքին մեղադրել է պաղեստինա-իսրայելական հակամարտության լուսաբանման ժամանակ Իսրայելի հանդեպ կողմնակալ վերաբերմունք ունենալու համար: Իր այս տեսակետը Մերդոկն արտահայտել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մերձավոր Արևելքը շուտով կպայթի, իսկ Իսրայելի դիրքերը շատ անկայուն են»,- գրել է Մերդոկը, որը հայտնի է իր իսրայելամետ հայացքներով: Մերդոկը նաև նշել է, որ Associated Press-ի և CNN-ի կաշառվածությունն արդեն ամոթալի է դառնում: Բացի այդ, մեդիամագնատը հարցադրում է արել, թե ինչու «հրեաներին պատկանող մամուլը հակաիսրայելական դիրքրոշում է զբաղեցնում ցանկացած հակամարտությունում»:
Մերդոկի այս երկու թվիթը զայրույթ են առաջացրել միկրոբլոգի ընթերցողների շրջանում: Մերդոկին ասում են, որ նա իրավունք չունի ԶԼՄ-ներին մեղադրելու կաշառակերության մեջ՝ լինելով Fox News հեռուստաալիքի սեփականատեր: Twitter-ի շատ օգտատերեր գրել են, որ ճիշտ չէ լրագրողներից պահանջել իրադարձությունները լուսաբանել՝ ելնելով ԶԼՄ-ների սեփականատերերի տեսակետից:
Ավելի ուշ Մերդոկը ներողություն է խնդրել հաղորդագրություններից մեկի համար՝ գրելով. «Մամուլը, որը պատկանում է հրեաներին» արտահայտությունը քննադատության ալիք է բարձրացրել, քանի որ դրանում տեսել են ակնարկ՝ ուղղված հրեա լրագրողներին: Ես այդպես չեմ կարծում, բայց ամենայն անկեղծությամբ ներողություն եմ խնդրում»։










































