Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այսօր չծրագրված այց կկատարի Մերձավոր Արևելք: Ինչպես տեղեկացնում է AFP գործակալությունը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին, մեկօրյա այցի ընթացքում ֆրանսիական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը կլինի Երուսաղեմում, Թել Ավիվում և Ռամալայում:
Իսրայելում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայության տվյալներով՝ Երուսաղեմում Լորան Ֆաբիուսը բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև իր իսրայելցի գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հետ:
Այնուհետև նա կշարունակի այցը Թել Ավիվ, որտեղ տարածաշրջանում առկա իրավիճակը կքննարկի Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ: Իր կարճատև այցը Ֆաբիուսը կեզրափակի Ռամալայում, որտեղ նրան կընդունի Պաղեստինի ազգային վարչակազմի առաջնորդ Մահմուդ Աբասը՝ հաղորդում է պաղեստինցի առաջնորդի աշխատակազմը:
Ֆրանսիայի արտգործնախարարի չծրագրված այցը կատարվում է Գազայի շուրջ լարվածության կտրուկ աճի ֆոնին: Այս շաբաթ ավելի վաղ՝ կապված իսրայելա-պաղեստինյան հակամարտության նոր լարվածության հետ, Ֆաբիուսը հայտարարել էր, որ Իսրայելը ինքնապաշտպանության իրավունք ունի, սակայն բռնության նոր ալիքը Պաղեստինի նկատմամբ «ճանապարհ է դեպի փակուղի»:
«Ֆրանսիայի անունից ես կողմերին զսպվածության և լարվածությունը թուլացնելու կոչ եմ անում, քանի որ առանց այդ էլ տարածաշրջանը անկայուն է: Եվս մեկ հակամարտության սրումը կարող է աղետ դառնալ»,- ասել է Ֆաբիուսը:











































