ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուն ողբերգություն կլինի մեր ժողովրդի համար: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, ապա հավելեց.
«Եթե միասնական թեկնածու ասելով՝ նկատի ունեք որոշ քաղաքական կուսակցությունների կուսակցական թեկնածուին, ապա նա հաղթող թեկնածու չի կարող լինել, եթե նույնիսկ նրան աջակցեն բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը:
Ես նախ չեմ կարծում, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը հանդես կգան միասնական թեկնածուով: Իմ այդպես մտածելու պատճառներից մեկն այն է, որ չեմ պատկերացնում, որ Տեր-Պետրոսյանը որոշի սատարել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Դա իրապես ողբերգություն կլինի ժողովրդի համար»:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում իր հնարավոր առաջադրմանը՝ Ա. Մելիքյանը նշեց, որ առայժմ այդ առումով նորություն չունի և հստակ չի որոշել իր անելիքը:
Հիշեցնենք, որ նախկինում Արման Մելիքյանը հայտարարել էր, որ կառաջադրվի, եթե իսկապես քաղաքական ուժերը որոշեն տեսնել կոնսենսուսային, ոչ կուսակցական թեկնածուի, որին հարմար կգտնեն աջակցել, և երկրորդ` դա կլինի առաջադրում, որը կոչված կլինի սատարելու այն ընտրազանգվածին, այն ընտրողներին, որոնք պարզապես չեն հանդուրժում ստեղծված իրավիճակը։ «Թող սա լինի «բոլորին դեմ եմ» տարբերակը, որովհետև այնպես, ինչպես այսօր ենք ապրում, շարունակելն անհնար է»,- ասել էր Ա. Մելիքյանը:








































