Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարգսյանին հեռացրել են աշխատանքից այն բանից հետո, երբ նա կուտակային կենսաթոշակային համակարգից հրաժարվելու դիմում է գրել:
Տիգրան Սարգսյանը «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ բարեխիղճ աշխատել է դպրոցում, երբեք որևէ խնդիր չի ունեցել, իսկ եթե բացակայել է, ապա տնօրեն Ալբերտ Սարգսյանին տեղեկացրել է այդ մասին:
Նա նաև ընդգծեց, որ երբեք որևէ ուսուցչի կամ աշակերտի հետ խնդիր չի ունեցել, և մինչ այժմ էլ աշակերտներն իրեն զանգահարում ու հետաքրքրվում են, թե ե՞րբ է վերադառնալու դպրոց:
Տիգան Սարգսյանի խոսքով՝ ինքը դպրոցում միակ ուսուցիչն է եղել, ով դիմում է գրել՝ հրաժարվելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր պահումներից, միևնույն ժամանակ չի մեղադրում այն ուսուցիչներին, ովքեր նման բան չեն արել. «Սա իմ ապրուստի միակ միջոցը չէ, իսկ նրանց համար աշխատավարձը մեծ բան է, և գուցե վախենում են աշխատանքը կորցնել»:
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ դիմելու է դատարան՝ իր խախտված իրավունքները վերականգնելու համար, և չբացառեց, որ ուսուցիչները հնարավոր է՝ տնօրենի հորդորով և հրամանով իր դեմ ցուցմունք տան:
«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանի հետ: Նա սկզբում հրաժարվեց հեռախոսով որևէ բան ասել, ապա հայտարարեց, որ Տիգրան Սարգսյանին կուտակային պահումներից հրաժարվելու դիմումի համար չի հեռացրել դպրոցից. «Բացարձակ ճշմարտությունն եմ ասում՝ կուտակայինի համար իրեն չեմ ազատել աշխատանքից, նա անհարգելի է բացակայել, դրա համար էլ ազատել եմ աշխատանքից»:
Մեր այն դիտարկմանը, թե Տիգրան Սարգսյանը մեզ ցույց տվեց բոլոր այն տեղեկանքները, որով զգուշացրել է տնօրենին իր բացակայության մասին և խնդրել դրանք հարգելի ճանաչել, Ալբերտ Սարգսյանն ասաց. «Ես ասեմ՝ ապրիլի 16, 17-ին բացակայել է անհարգելի»:
Հարցին, թե փաստորեն երկու օրվա բացակայության համար ուսուցչին հեռացրե՞լ է աշխատանքից, մեր զրուցակիցն ասաց՝ այո, և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել:










































