«Փաստինֆո» լրատվական գործակալության հարցազրույցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ։
– Տիկին Գյուլումյան, Դուք Հայաստանը ներկայացնող առաջին դատավորն եք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Այս տարիների ընթացքում քանի՞ գանգատ է ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ, քանի՞սն է բավարարվել: Համեմատության համար ինչպիսի՞ն է վիճակագրությունը Ադրբեջանի ու Վրաստանի դեմ գանգատների գործերով:
-Եվրոպայի Խորհրդին մեր երկրի անդամակցելու պահից ի վեր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014 թվականի հունվարի դրությամբ Հայաստանի Հանրապետության նկատմամբ կայացրել է 48 վճիռ, որից 43-ով մարդու իրավունքի նվազագույնը մեկ խախտում է արձանագրվել: Նույն ժամանակաշրջանում Ադրբեջանի նկատմամբ կայացվել է 76 վճիռ՝որից 72-ով է նվազագույնը մեկ խախտում արձանագրվել, իսկ Վրաստանի նկատմամբ վերջինիս անդամակցության տարիների ընթացքում կայացված 57 վճիռներից 45-ով։
Վերջին 4 տարիների կտրվածքով, 2010թ․ Հայաստանի դեմ բերվել է 197 դիմում, որը եթե վերցնենք ազգաբնակչության թվով, ապա յուրաքանչյուր 10 հազար քաղաքացուց դատարան դիմել է 0,61-ը։ 2011-ին եղել է 179 դիմում (10 հազարից՝ 0,53-ը), 2012թ․-ին՝ 238 դիմում՝ (10 հազարից՝ 0,75-ը), 2013թ․-ին 196 դիմում՝ (10 հազարից՝ 0,60-ը)։
Ադրբեջանի դեմ այս 4 տարիներին եղել են համապատասխանաբար 335, 501, 342, 325 դիմումներ, Վրաստանի դեմ՝ 375, 395, 367,157 դիմումներ։
Ընդհանրապես, այլ երկրների հետ համեմատելու համար առնվազն պետք է հաշվի առնել այդ երկրների ազգաբնակչության թիվը:
Համեմատության համար կարելի է նշել, օրինակ Լիտվան, որն ունի մոտ Հայաստանի չափ բնակչություն, եվ այդ երկրի դեմ եղել են համապատասխանաբար 242, 305, 373, 428 դիմումներ։
– Ձեր դիտարկմամբ՝ հիմնականում ի՞նչ խախտումներ են բարձրացվում ՀՀ քաղաքացիների կողմից, խախտումներն ավելի շատ առնչվում են քրեական գործերով վարույթին, թե քաղաքացիաիրավական հարաբերություններին: Այս տարիների ընթացքում որակական ինչ փոփոխություններ են նկատվել ընդդեմ Հայաստանի կառավարության ներկայացվող գանգատներում։
– Հայաստանի նկատմամբ կայացված 48 վճիռներից ինձ համար, համոզված եմ նաև ցանկացած քաղաքակիրթ երկրի համար, խիստ մտահոգիչ են խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հիմքով կայացված վճիռները։
Ընդդեմ ՀՀ-ի 48 վճիռներից 1-ն է կայացվել խոշտանգման, 7-ը անմարդկային վերաբերմունքի խախտման հիմքով։ Անմարդկային վերաբերմունք է համարվում ոչ միայն անձին ֆիզիկական ցավ պատճառելը, այլ նաև անձի արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ, ինչպես նաև կալանավայրերում անձին անմարդկային պայմաններում պահելը, որը բնորոշ է հետխորհրդային երկրներին, որոնց կալանավայրերում տիրող վիճակը հաճախ չի բավարարում եվրոպական չափանիշներին։
Բարեբախտաբար Հայաստանի դեմ վճիռներում առայժմ չունենք կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ կյանքի իրավունքից զրկում: Հայաստանի դեմ վճիռներից 20-ով արձանագրվել է 5-րդ հոդվածի՝ ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտում, որը կապված է նախնական կալանքի, մարդուն ազատությունից զրկելու հետ։
Մենք ունեինք մի խախտում, որը գործից-գործ էր փոխանցվում՝ մինչև կատարվեցին համապատասխան օրենսդրական փոփոխությունները։ Այն է․ երբ գործը փոխանցվում էր դատարան և նախաքննական մարմինը համարում էր, որ կալանքն արդեն դատարանի վրա է և դատարանն էլ մինչ գործը դատաքննության կնշանակի օրեր էին անցնում։ Եվ այդ ընթացքում ստացվում էր, որ մինչ դատարանը որոշեր գործը քննության ընդունելու և կալանքը, որպես խափանման միջոցը անփոփոխ թողնելու հարցը, անձը կալանքի տակ էր մնում առանց օրինական որոշման։
Արդար դատաքննության իրավունքի խախտումներն են շատ՝ 17 գործ, հավաքների ազատության իրավուքի խախտմամբ՝ 7, սեփականության իրավունքի՝ ևս 7, կրոնի ազատության իրավունքով՝ 3 գործ, որոնք վերաբերում էին Եհովայի վկաներին։
– Խախտումները, Ձեր գնահատմամբ, ավելի շատ օրենսդրական, թե իրավակիրառական պրակտիկայի խնդիրների հետևանք են: Եվ ինչպե՞ս եք գնահատում` Հայաստանը ինչպիսի՞ դասեր է քաղում սեփական քաղաքացիների ներկայացրած գանգատներից։
– Օրենսդրական և իրավակիրառական խախտումները միահյուսված են․ կան օրենսդրական խախտումներ, դրանք հիմնականում առաջին շրջանին են վերաբերում, վարչական կալանքի հետ կապված գործերին, օրենքի հետ կապված խնդիրներ կարելի է համարել նաև սեփականության իրավունքի խախտումների հետ կապված հարցերը։
Ընդդեմ երկրի կայացված վճիռների կատարումը բնականաբար դատարանի խնդիրը չէ, բայց որպես Հայաստանից ընտրված դատավոր, պետք է ասեմ, կայացված վճիռների արդյունքում տեղի են ունենում օրենսդրական փոփոխություններ, ինչպես նաև իրավակիրառական պրակտիկայի փոփոխություններ: Թերևս կարելի է ասել, որ իրավունքի կիրառման բնագավառում խախտումներն ավելի շատ են։
Օրենքն ինչ կարող է անել, եթե ասենք մարդու նկատմամբ դրսեւորում են անմարդկային վերաբերմունք , պահում են ոչ նորմալ պայմաններում։ Այստեղ օրենքի խնդիր չկա, այստեղ իրավակիրառական խնդիր է, իրավապահների կողմից իրենց օրինազանցության հարցն է, երբ անմարդկային վերաբերմունք ես ցուցաբերում կամ խոշտանգում ես մարդուն։ Կարող եմ ասել, որ ՄԻԵԴ վճիռներից համապատասխան հետևություններ են կատարում նաև իրավապահ մարմինները։
– Ավարտին է մոտենում Ձեր պաշտոնավարության ժամկետը, մամուլում լուրեր էին շրջանառվում նաև մինչև պաշտովարման ժամկետը լրանալը Ձեր հնարավոր հրաժարականի մասին: Արդյոք այդ լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, և Ձեր լիազորությունները դադարեցվելուց հետո ո՞ր պաշտոնում եք Ձեզ տեսնում:
– Գիտեք, արդեն 11 տարի այստեղ եմ և դեռեւս ժամկետ ունեմ։ Չեմ կարող ասել հրաժարական, սակայն եթե իմ երկրում այս 11 տարվա փորձի անհրաժեշտությունը կա և համապատասխան առաջարկ ստանամ, ապա պատրաստ եմ վերադառնալ։ 11 տարին քիչ չէ, մնում է 1 տարի․կարելի է նաև շուտ վերադառնալ, սակայն դա ինձանից կախված չէ։
Լիազորությունների դադարեցվելուց հետո թե որտեղ կլինեմ, անկեղծ, չեմ կարող ասել, քանի որ դա նույնպես երկրի որոշելիք հարցն է։ Կարծում եմ այնտեղ, որտեղ օգտակար կլինի իմ այս 11 տարվա փորձն օգտագործել։ Բայց, բնականաբար, եկել եմ դատական իշխանությունից, և ինձ համար այն ավելի հարազատ է։
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում










































