«Շատ լավ իմանալով Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը՝ ասեմ հետևյալը, նա ի սկզբանե ասում էր, որ կա Սերժ Սարգսյանի խնդիրը, և նրա առկայության պայմաններում որևէ խնդիր չի լինի: Ճիշտ է, քառյակը՝ որպես քաղաքական ուժերի միավորում, կառավարության հրաժարականի հարցը դրեց, բայց քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ մնում է այդ համոզմանը, այդ տեսանկյունով է, որ քննադատում է նոր կառավարությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի քննադատությանը՝ ուղղված Հովիկ Աբրահամյանին, և մեր այն դիտարկմանը, թե հենց իրենք էին պահանջում վարչապետի փոփոխություն, էլ ինչո՞ւ են քննադատում:
Հարցին, թե ինչո՞ւ էր այդ դեպքում իր ղեկավարած քաղաքական ուժը պահանջում Տիգրան Սարգսյանի հրաժարականը, Գառնիկ Իսագուլյանն ասաց․ «Ես չեմ կարծում, թե տեղին է նույնականացնել Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցներն ու հոդվածները ՀԱԿ քաղաքական ուժի, Դաշնակցության համատեղ որոշումների հետ»,-պատասխանեց նա:
Դիտարկմանը, թե կա նաև քառյակի պատասխանատվության չափն այս ամենում, եթե նոր կառավարությունը նույնպես իրեն չարդարացնի, Իսագուլյանն ասաց․ «Քառյակի բարձրացրած հարցը կառավարության հրաժարականի հարցն էր, իսկ նոր կառվարությանը ժամանակ տալը կնշանակի՝ թույլ չես տալիս, իշխանություններին խոչընդոտում ես, երբ նրանք նախատեսում են սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում: Ճիշտ է կառավարությանը ժամանակ տալը: Զուտ էթիկայի տեսանկյունից՝ ես կարծում եմ, որ քաղաքական ուժերը շատ ճիշտ են անում: Դրանից հետո որևէ արդարացում ոչ իշխանությունները կունենան, ոչ էլ ոչ իշխանական ուժերը պասիվ կգտնվեն ու չեն գնա փոփոխությունների»:
Նրա խոսքերով՝ այդ դեպքում կպահանջեն ոչ միայն կառավարության, այլև նախագահի հրաժարականը
Առավել մանրամասն՝ մեր տեսանյութում։










































