Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հանդիպել է Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախագահ Իգոր Պալիցայի, նրա բիզնես գործընկեր և Դնեպրոպետրովսկի նահանգապետ Իգոր Կոլոմոյսկու, ինչպես նաև Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի հետ: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայում, մասնավորապես՝ Օդեսայի շրջանում իրադրության զարգացումները:
Նուլանդը հայտնել է ընթացիկ տարվա աշնանը ամերիկացի ներդրողների տնտեսական առաքելության իրականացման հեռանկարների մասին՝ նշելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայում դրական փոփոխությունները և կենտրոնական իշխանության՝ կայունացմանն ուղղված ուղին, հատկապես երկրի արևելքում:
Իր հերթին Դնեպրոպետրովսկի նահանգապետը բարձրաստիճան հյուրին վստահեցրել է, որ իր մարզում ինքը մտադիր է պայքարել կոռուպցիայի դեմ, սակայն այդ պայքարը պետք է սկսվի պետության ղեկավարությունից:
Օդեսայի ղեկավարության և դիվանագետների հետ հանդիպումից հետո Նուլանդն այցելել է «Վիկտորիա» մարզա-առողջարանային ճամբարը, որտեղ որբ երեխաներին նվիրել է երեք արկղ գնդակ:










































