Ջերմուկի քաղաքապետ էին ընտրում նաև Կեչուտ գյուղում, որի կարգավիճակը փոխել և միացրել են քաղաքին, չնայած գյուղացիները դեռ չեն կողմնորոշվում՝ իրենք քաղաքացի՞ են, թե՞ գյուղացի: Ամեն դեպքում, Կեչուտն իր տեսքով, քարուքանդ փողոցներով, մշակույթի ավերակ տնով և աշխատատեղերի բացակայությամբ իսկական գյուղ է հիշեցնում: Տեղի բնակիչների հիմնական բողոքն էլ հենց այդ խնդիրների հետ է կապված, ու միակ աղոտ հույսն այն է, որ քաղաքապետի թեկնածուներից մեկն ընտրվելու դեպքում կփորձի լուծում տալ այդ խնդրին:
«Ո՛չ աշխատատեղ կա, ոչ էլ: Իսկ եթե մեկ-երկու տեղ էլ կա, ժամանակավոր ա, ու իրանց մարդիկ են աշխատում: Ջերմուկի գործարանն իրանցն ա՝ իրանց մարդիկ են աշխատում: Սանատորիաներն իրանցն ա՝ էլի իրանց մարդիկ են աշխատում: Սաղ իրանցն ա»,- բողոքեց մի կեչուտցի:
Մեկ ուրիշն էլ Կեչուտի ճանապարհների խնդիրը համեմատեց Հայոց ցեղասպանության հարցի հետ: «Մեր էս փողոցն ու Հայոց եղեռնի հարցը ես համեմատում եմ իրար հետ, որովհետև Ամերիկայում նախագահ ընտրելուց ասում են՝ Հայոց եղեռնը ճանաչելու են: Մեր Ջերմուկում քաղաքապետ ընտրելուց ասում են՝ փողոցն ասֆալտելու են: Բայց ո՛չ էն ա լինում, ո՛չ մյուսը»,- պատկերավոր համեմատություն արեց տարեց կեչուտցին:
«Առաջին լրատվական»,-ի հետ զրույցում փողոցների, բակերի ասֆալտապատումը, աշխատատեղերի ստեղծումը առաջնահերթ համարեց ինքնաառաջադրված Կորյուն Ստեփանյանը: «Շատ այդպիսի ծրագրեր ունեմ»,- ասաց նա: Ստեփանյանը նշեց նաև, որ, ի տարբերություն գործող քաղաքապետի, որը վայելում է ՀՀԿ-ի, այդ թվում նաև Աշոտ Արսենյանի հովանավորությունը, ինքը կարծում է, որ իրեն հովանավորում է ժողովուրդը: Բայց եթե Վարդան Հովհաննիսյանը հաղթի, ինքն առաջինը կշնորհավորի նրան:










































