Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը, Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ծանոթացել են մայրաքաղաքի Կասյան փողոցին հարակից հատվածում վերաբացված գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին այդպիսի շուկաներ գործում են արդեն 4-րդ տարին անընդմեջ:
Երևանի քաղաքապետի տեղակալներ Դավիթ Օհանյանը,Արամ Սուքիասյանն ու ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շրջել են շուկայի տարածքում, շփվել մթերք վաճառող գյուղացիների և գնորդների հետ: Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ է օգտվել գյուղմթերք գնելու հնարավորությունից` նշելով, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, գյուղնախարարության հետ համատեղ, նման շուկաներ գործարկելու համար, անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքում կառանձնացվեն նոր տարածքներ:
Նմանատիպ տոնավաճառների հիմնական առավելությունն այն է, որ գյուղացին իր արտադրած թարմ գյուղմթերքն առանց միջնորդի անմիջապես վաճառում է սպառողին, ինչը կանխում է ապրանքի գնի արհեստական բարձրացումը: Վաճառասեղանները գյուղացիներին հատկացվելու են անվճար:
Քաղաքապետարանը կհոգա նաև շուկաներում պատշաճ սանիտարական վիճակն ապահովելը: Դավիթ Օհանյանը կարևորել է այն հանգամանքը, որ մոտ օրերս շահագործման հանձնվող Իսակովի պողոտա-Լենինգրադյան փողոց նոր ճանապարհահատվածը կնպաստի, որ գյուղացիներն իրենց արտադրանքն ավելի հեշտությամբ ու արագորեն հասցնեն մայրաքաղաքի տարբեր հատվածներ:










































