Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումն օկուպացված պաղեստինյան տարածքներում միջազգային իրավունքի խախտում է, հիշեցրել են ՄԱԿ-ի քարտուղարությունում, հաղորդում է ITAR-TASS–ը։
«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է այսօր ստացվող հաղորդագրություններից այն մասին, որ իսրայելյան իշխանությունները տենդեր են հայտարարել Արևմտյան ափին, այդ թվում նաև Արևելյան Երուսաղեմում ավելի քան 1400 միավոր բնակարանի շինարարության համար։ Ինչպես ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է, օկուպացված տարածքներում բնակավայրերի կառուցումն անօրինական է միջազգային իրավունքի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրությունում, որով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքերով՝ Պան Գի Մունը կոչ է անում իսրայելական և պաղեստինյան կողմերին խուսափել միակողմանի գործողություններից, որոնք կարող են խափանել խաղաղ համաձայնության ձեռքբերումը բանակցությունների ճանապարհով։ ՄԱԿ-ի վարչական ղեկավարը կոչ է արել իսրայելյան պետությանը «ականջալուր լինել միջազգային հանրությանը և սառեցնել բնակեցման գործունեությունը», ինչպես նաև հավատարիմ մնալ իր պարտավորություններին միջազգային իրավունքի և «ճանապարհային քարտեզի» շրջանակում։










































