2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն այլընտրանք հռչակած «Բարագավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում 82-րդ և 83-րդ համարները զբաղեցնում էին Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները՝ Ռուստամ Մախմուդյանը և Օվչի Ամոյանը:
Երբ պատգամավորական մանդատից առողջական խնդիրների պատճառով հրաժարվեց կուսակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), պատգամավոր դառնալու հերթը Ռուստամ Մախմուդյանինն էր: Սակայն խմբակցությունը քննարկել և որոշել է մանդատ տալ համամասնական ցուցակի 88-րդ համարին՝ Տիգրան Ներսիսյանին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին ասաց, որ իրենց ՀԿ-ն այն կազմակերպություններից է, որ վերջերս դիմել էր ԲՀԿ-ին, որպեսզի իրենց ազգի ներկայացուցիչներից որևէ մեկին պատգամավորական մանդատ տային․ «Մենք խնդրել էինք, որ ուղղակի հնարավորություն տրվի, որպեսզի մեր համայնքը ներկայացված լինի Ազգային ժողովում: Միանշանակ մեզ խոստացել էին, որ իրենց հերթը հասնելու ժամանակ իրենք են դառնալու պատգամավոր: Բնականաբար, եթե ասեին, որ իրենց հերթը հասնելու դեպքում իրենք չէին անցնելու Ազգային ժողով, ոչ ոք իրենց չէր աջակցի»,- ասաց մեր զրուցակիցը:
Նա նաև ավելացրեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք անհատապես սատարել են այդ քաղաքական ուժին, բայց կազմակերպությանը՝ ոչ․ «Միանշանակ աջակցել ենք այդ ուժին, մեր ազգի ներկայացուցիչների մասնակցությունը հաշվի առնելով, աջակցություն եղել է»,- ընդգծեց նա:
Բորիս Մուրազին միևնույն ժամանակ նշեց, որ «ներքին քննարկում» չի եղել, իրենք չեն հանդիպել ԲՀԿ ներկայացուցիչների հետ՝ հասկանալու ինչ պայմանավորվածություն է կոնկրետ եղել․ «Այսպես է՝ ցուցակում եղել է եզդի ներկայացուցիչ, և հերթը հասնելու դեպքում, նա պետք է գնար Ազգային ժողով»:
Ռուստամ Մախմուդյանը մեզ հետ զրույցում շաբաթ օրը նշել էր, որ ԲՀԿ ցուցակում հայտնվել է այն բանի դիմաց, որ եզդիական համայնքը պետք է սատարի այդ կուսակցությանը, և փոխարենը համամասնական ցուցակում իր հերթը հասնելու դեպքում նա կդառնա պատգամավոր: Մախմուդյանը միևնույն ժամանակ ընգծել էր, որ միայն մամուլի հրապարակումներից է իմացել, որ իր փոխարեն խմբակցությունը մեկ այլ անձնավորության է որոշել մանդատ տալ:
Թեպետ մեզ մոտ առկա է Մախմուդյանի հետ զրույցի ձայնագրությունը, այդուհանդերձ, երեկ վերջինս ԲՀԿ-ին հարազատ «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե «ցուցակից դուրս գալու վերաբերյալ» դիմում ներկայացրել է բացառապես մեկ պատճառով՝ անցած խորհրդարանական ընտրություններին Արագածոտնի մարզում բնակվող եզդիական համայնքը իր ձայները չի վստահել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ռուստամ Մախմուդյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ ու ներկայացրել համամասնական ցուցակից դուրս գալու հիմքերը»:
Մինչդեռ երկու օր առաջ Մախմուդյանը մեզ հետ զրույցում չկարողացավ գեթ մեկ պատճառ բերել, թե ինչու են իր հետ ԲՀԿ-ում այդպես վարվում: Նա իր զարմանքը հայտնեց նաև այն բանի համար, որ ինքը նույնիսկ գրավոր դիմում չի ներկայացրել իր հրաժարավելու կապակցությամբ և ասաց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողով նույնպես չի ներկայացրել:
Մեր զրույցից երկու օր անց վերջինս «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասում է, թե հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ և ներկայացրել ցուցակից հրաժարվելու իր պատճառաները: Մինչդեռ տեղեկացնենք, որ Տիգրան Ներսիսյանին Ռուստամ Մախմուդյանի փոխարեն մանդատ տալու որոշումը շատ ավելի վաղ է տեղի ունեցել՝ առանց Մախմուդյանին այդ մասին նույնիսկ տեղյակ պահելու: Թե ինչու երկու օր անց Մախմուդյանը հենց «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այլ պատճառաբանություն և այլ տեսակետ ներկայացրեց, թողնում ենք ընթերցողի դատին, այդուհանդերձ հարկ ենք համարում ընդգծել նաև, որ վերը նշված «պատմության» մեջ միակ պարզ բանն այն է, որ Մախմուդյանը Արագածոտնի մարզի եզդիական գյուղերում ԲՀԿ-ի համար անհրաժեշտ ձայներ ապահովել չի կարողացել:
Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Հակկո, Մեծաձոր, Ջամշլու գյուղերի գյուղապետները՝ ընդգծելով, որ նախընտրական շրջանում Մախմուդյանին այնտեղ գրեթե չեն էլ տեսել, և այդ գյուղերում հաղթել է Հանրապետական կուսակցությունը:










































