Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի համոզմամբ` կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների իրավունքների իրացման և կենսաթոշակային ոլորտի տեղեկատվական շտեմարանի արդիականացման ու ձևավորման առումով դրական արդյունքներ են գրանցվել: ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նախարարը նշեց, թե ներկայում քննարկվող հարցը մեկն է` կենսաթոշակներն արտահանել, թե ոչ: Նրա խոսքով` որոշումը կայացնելու համար ներկայացված հիմնավորումներն առարկայական նշանակություն պիտի ունենան:
«Տարբեր ձևաչափեր կան, որոնք պայմանավորված են տվյալ երկրի ֆինանսական հնարավորություններով: Բազմաթիվ երկրներում նմանատիպ որոշումներ կայացրել են միայն այն պարագայում, երբ մեծ ռեզերվային ռեսուրսներ են կուտակել և կարող են կենսաթոշակ վճարել` անկախ թոշակառուի բնակության վայրից, իսկ հիմնականում կենսաթոշակների վճարումը սահմանափակվում է տվյալ երկրի տարածքով: Արդյոք մենք ունե՞նք հնարավորություն` կենսաթոշակներ վճարել նաև դրսում` երկրի սահմաններից դուրս: Մեզ համար առաջնային նշանակություն ունի հանրապետությունում մշտական բնակվող կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարումը»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` 2011 թվականին շուրջ 10 մլրդ խնայողություն է եղել կենսաթոշակառուների ցուցակների ստուգման արդյունքում, 2012-ին` 3.5 մլրդ դրամի խնայողություն` այն դեպքում, երբ 7 մլրդ պակաս է պլանավորվել կենսաթոշակային ծախսերի բյուջեի մեջ, 2013 թվականին շուրջ 2 մլդր դրամի խնայողություն է եղել և ևս 7 մլրդ դրամ պակաս պլանավորում, այսինքն` կարելի է ասել` յուրաքանչյուր տարի շուրջ տասը միլիարդ դրամ խնայողություն ենք ունեցել կենսաթոշակների ցուցակները ճշգրտելու, մաքրելու առումով: Ասատրյանի խոսքով` հիմա կարծես մաքսիմալ կերպով ազատականացրել են ոլորտը, և կենսաթոշակառուները իրենք են որոշում ինչպես ստանալ. կանխիկ եղանակով` յուրաքանչյուր ամիս` մինչև 3-րդ աշխատանքային օրը փոստային բաժանմունքները ստանում են ֆինանսավորում և իրականացնում են կենսաթոշակառուների վճարումները` իրենց հասցեներում, իրենց բնակության վայրերում, կա նաև անկանխիկ եղանակ, այս դեպքում տարին մեկ անգամ կենսաթոշակառուն բանկ այցելելու խնդիր ունի` երկարացնելու ենթադրենք իր կենսաթոշակային քարտի գործողության ժամկետը:
«Հայաստանում չբնակվող անձանց կենսաթոշակային իրավունքների ճշգրտում ենք կատարում: 1992 թ ԱՊՀ երկրների հետ կնքված միջպետական համաձայնագրով, անկախ երկրի քաղաքացիությունից` կենսաթոշակառուն իրավունք ունի կենսաթոշակ ստանալ այն երկրում, որտեղ առավելապես բնակվում է կամ հաշվառված է: Այս առումով` մենք պետք է վարչարարություն սկսենք իրականացնել, ճշգրտել` արդյոք տվյալ կենսաթոշակառուն համաձայնագրի մասնակից որևէ այլ երկրում կենսաթոշակ ստանում է: Մենք գտանք, որ այդ ճանապարհով գնալը ճիշտ չէ և սահմանափակվեցինք ՀՀ-ում կենսաթոշակառուի բնակվելու հանգամանքով, այդ ճշգրտումներն այլևս մեր գործառույթից դուրս եկան, առաջնային դիտարկվեց` ՀՀ-ում բնակվելը և բնակության իրավունքը»,- նշեց նախարարը:
Ի վերջո, հանձնաժողովը որոշեց հարցի քննարկումը հետաձգել, առայժմ չընդգրկել ԱԺ լիագումար նիստում:










































