«Գլենդել Հիլզ» ընկերության սեփականատեր, ամերիկահայ գործարար Վահե Յարուբյանը այսօր խուսափեց պատասխանել «Առաջին լրատվական»-ի հարցին՝ Ֆիրդուսի թաղամասի թիվ 33 հասցեի բնակիչների բողոքի առթիվ: Հիշեցնենք, որ նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում կառավարության և ՀՀԿ նիստերի ժամանակ: Փոխարենը «Գլենդել Հիլզ»-ի տնօրեն Էդուարդ Մելիքյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ այդ հարցն արդեն լուծվել է:
«Կառավարության կողմից մեզ աջակցություն է ցուցաբերվել, և հիմա ընկերությունն արդեն իրականացնում է շինարարությունները, որտեղ որ պետք է բնակվեն Ֆիրդուսի բնակիչները»,- ասաց նա:
Ըստ «Գլենդել Հիլզի» տնօրենի՝ մոտ մեկ ամիս առաջ կառավարությունը օգնություն է ցուցաբերել ընկերությանը արտաքին վարկային ռեսուրսների ներգրավման առումով, և այժմ աշխատանքները շարունակվում են: Թե որքան գումար է տրամադրվել վարկով՝ տնօրենը չասաց՝ պատճառաբանելով, թե չի կարող ֆինանսական գաղտնիքներ բացել: Ըստ նրա՝ խոսքը 70 ընտանիքի փոխհատուցման մասին է:
Դիտեք մեր հարցազրույցը «Գլենդել Հիլզի» տնօրենի հետ:










































