Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 3-ի նիստում օրակարգային էր Պետական կենսաթոշակների մասին ԱԺ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի, Ռուբեն Հովսեփյանի, Վրեժ Մարկոսյանի, Արմեն Մխիթարյանի հեղինակած օրենքի նախագծի քննարկումը:
Նախքան հարցի քննարկումը ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց` կար օրենք, որը մեկ տարով հետաձգվել էր, 2013-ի մայիսի 20-ին լրացել է մեկ տարին, սակայն օրենքը դեռ քննարկման չի դրվել:
ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը նշեց, որ սոցապնախարարը տեղյակ է, իրենք օրակարգային հարցն ավարտելուց հետո ոչ օրակարգային ռեժիմով կքննարկեն հարցը:
Հակոբյանը ներկայացրեց օրենքի նախագծի էությունը: Նրա խոսքով` կա օրենքով ամրագրված համակարգ, ըստ որի` այն քաղաքացիները, ովքեր երկրից չեն բացակայում կամ բացակայում են մինչև 183 օր, կենսաթոշակ ստանալիս որևէ խնդիր չունեն, միայն մեկ սահմանափակում կա. սյդ թոշակառուն տարին մեկ պետք է ներկայանա բանկ, որ իրենք կարողանան այդ թոշակառուի մասին տեղեկություն ստանալ:
«Կան որոշակի սահմանափակումներ հանրապետությունից բացակայողների նկատմամբ: Եթե անձը երեք տարի բացակայում է, ապա մեկ տարի կարող է ստանալ լիազորագրով, վերադառնալուց հետո մեկ տարի վճարում ենք, դրանից ավել չենք վճարում: Ժամանակին ունեինք նորմ, որ երեք տարի էր թույլատրում վճարել: Ինչու՞ փոխեցինք այդ ժամկետը: Մենք կենսաթոշակառուների ցուցակները փորձեցինք մաքրել»,- ասաց նա` հավելելով, որ հիմա հարց է առաջանում. այն քաղաքացիները, ովքեր կենսաթոշակառու են և Հայաստանում չեն, նրանց տարեկան գումարը տասներկու միլիարդ է կազմում, հիմա` ի՞նչ անել, ավելացնել այն քաղաքացիներին, ովքեր ՀՀ-ում են, թե՞ թողնել, որ նրանք երբ ուզեն` գան, ստանան, հենց այս խնդիրն է քննարկվում:










































