Բիշքեկի Մանաս օդանավակայանում այսօր՝ հունիսի 3-ին, տեղի կունենա այնտեղ տեղակայված ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիաբազայի հրամանատարության՝ ավելի վաղ վարձակալած հողատարածքներն ու շենքերը ղրղըզական կողմին փոխանցելու արարողությունը: Այս մասին հայտնել են ավիաբազայի հասարակության հետ կապերի բաժնում՝ փոխանցում է russian.rt.com-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բազան դադարեցնում է օդում ռազմական ինքնաթիռների վերալիցքավորումը և սկսում է սարքավորումների ապամոնտաժումն ու տեխնիկայի դուրսբերումը:
Մանասի ավիաբազան հիմնվել է 2001 թվականի դեկտեմբերին, այն նախատեսվել է Աֆղանստանի տարածքում «Հարատև ազատություն» օպերացիային աջակցելու համար:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բազայի գոյության ամբողջ ընթացքում Աֆղանստան և հակառակ ուղղությամբ 26 երկրներից տեղափոխվել է կոալիցիոն ուժերի մոտ 5.3 մլն զինծառայող: Դա Աֆղանստանի տարածքում ռազմական գործողություններին մասնակցած բոլոր զինվորների մոտ 98%-ն է:










































