Դեպի Եվրոպա ադրբեջանական գազի փոխադրման «Հարավային գազային միջանցք» նախագիծը կենսական կարևոր նախագիծ է Եվրոպայի համար: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ուղերձում՝ երեքշաբթի Բաքվում «Կասպիական նավթ և գազ» 21-րդ միջազգային ցուցահանդեսի բացման առիթով: Այն ընթերցվել է Ադրբեջանում, Ղազախստանում և Թուրքմենստանում առևտրի հարցերով Քեմերոնի պատվիրակ Չարլզ Հենդրիի կողմից՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Ինչպես նշվում է ուղերձում, էներգետիկան կենսական կարևոր ոլորտ է Եվոպայի երկրների բոլոր բնակիչների զարգացման և տնտեսական բարեկեցության համար: «Հենց այդ պատճառով էլ «Հարավային գազային միջանցքը» կարևոր նախագիծ է»,- ասվում է ուղերձում:
Մեծ Բրիտանիայի վարչապետը գրում է, որ 2013 թվականը առանցքային է դարձել այդ նախագծի իրականացման համար, մասնավորապես զգալի առաջընթաց է ձեռք բերվել TAP (Անդրադրիատիկ գազատար) նախագծի իրականացման գործում:
Քեմերոնը նշել է, որ դա կարևոր անկյունաքար է եղել նախագծի իրականացման ճանապարհին և շնորհավորել նախագծին մասնակցող բոլոր կողմերին:
«Սակայն 2014-ին պետք է շատ բան անել, որպեսզի ամբողջովին իրագործվեն «Հարավային գազային միջանցք» նախագծի իրականացման հավակնությունները: Ես վստահ եմ, որ այդ հավակնությունները կիրականանան»,- ասվում է ուղերձում:
Իր ուղերձում վարչապետը հույս է հայտնել, որ նախագիծը էներգակիրների մատակարարումների հավելյալ աղբյուրներ կապահովի:
Նա նշել է, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև կայուն կապեր են հաստատվել: «Հպարտանում եմ Ադրբեջանի և Միացյալ թագավորության միջև ամուր երկկողմ հարաբերություններով»,- ասվում է ուղերձում:
Այս տարի Բաքվում անցկացվող ցուցահանդեսին մասնակցում է 29 երկրի 402 ընկերություն:
Գազը, որը կարդյունահանվի ադրբեջանական «Շահ Դենիզ» գազակոնդենսանտային հանքավայրի մշակման երկրորդ փուլի շրջանակում, դիտարկվում է որպես «Հարավային գազային միջանցքի» համար հիմնական աղբյուր:










































