Թուրքական Demokrathaber.net («Ժողովրդավար լուր») առցանց թերթը հրապարակել է մի հոդված հույն չորս ընտանիքների Գեոքչյադա (հունական անունով՝ Իմպրոս) վերադարձի առթիվ։ Հոդվածում գրված է, որ այս «փոքրիկ» լուրը մեծ իմաստ է ստանում, եթե նկատի ունենանք թուրքական պետության կողմից գործադրված «փոքրամասնությունների քաղաքականությունը»… Այս նյութի շուրջ վերջերս ավելի ու ավելի շատ է խոսվում թուրքական մամուլում:
Տեղեկացվում է, որ Գեոքչյադան և Պոզջաադան (հունական անուններով՝ Իմպրոս և Թենետոս) մինչև 1960 թ. եղել են ջախջախիչ մեծամասնությամբ հունաբնակ: 60-ական թվականներից սկսած՝ թուրքական պետության վարած քաղաքականության պատճառով հույների թիվը կտրուկ նվազել է: Թերթը գրում է, որ ամեն անգամ, երբ Հունաստանում կամ Կիպրոսում թուրք փոքրամասնությանը ճնշել են, դրա գինը վճարել են Թուրքիայի հույները:
Demokrathaber.net մեջբերում է Եվրոպական խորհրդարանի զեկուցող Անդրեաս Կրոսի՝ 2008-ին այս նյութի շուրջ պատրաստած տեղեկագիրը: Դրանում բացատրվում է, թե ինչ միջոցներ են գործի դրվել հույներին գաղթի մղելու համար. փակվել են հունական դպրոցները, հույներին պատկանող արտերի մեծամասնությունը ապասեփականացվել է, Իմպրոսում բանտ է կառուցվել, որի «բնակիչների»՝ հույների հանդեպ կատարած ոտնձգություններն անտեսվել են:
Այժմ, գրում է թերթը, այդ բնակավայրերում 49-50 տարի հետո վերաբացվում են հունական դպրոցները,ինչը թերևս փոքր քայլ է, բայց քաղաքական կողմնորոշումների առումով կարևոր առաջընթաց են:
Այս բոլորով հանդերձ, Demokrathaber.net-ը, մեջբերելով ստամբուլցի հույն լրագրող Միխայիլ Վասիլիատիսի կարծիքը, գրում է, որ հույների իսկական վերադարձի համար անհրաժեշտ է նախ Թուրքիայում վերացնել հույների նկատմամբ առկա ատելության մթնոլորտը:








































